Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Մարտ

Փետրվարի առաջին 20 օրերին առևտրաշրջանառությունը 44 մլրդ դրամով գերազանցել է 2020-ի նույն ցուցանիշը. Փաշինյան

Փետրվարի առաջին 20 օրերին առևտրաշրջանառությունը 44 մլրդ դրամով գերազանցել է 
2020-ի նույն ցուցանիշը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրում ստեղծված մթնոլորտի լիցքաթափման գործիք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնում է նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված  «Ճանապարհային քարտեզ»-ի արդյունավետ իրագործումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետը նշել է Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում:

«Կարող եմ արձանագրել, որ նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ը բավականին հաջողությամբ իրականացվում է: Այս պահի դրությամբ շուրջ 17 ծրագիր ենք իրականացրել, ընդ որում շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այսօրվա դրությամբ մենք Արցախում շուրջ 23 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որը վերաբերել է ամենատարբեր ոլորտների, հիմնականում՝ սոցիալական և Արցախի պետական կառույցների աջակցության: Եվ ընդհանուր փաթեթը, որն ընդունված է այս պահին և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 մլրդ դրամի: Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում՝ Սյունիքի մարզում: Շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու ծրագիրը, վիրավորվածներին աջակցելու ծրագիրը: Այն ծրագիրը, որով մենք պատերազմին մասնակցած մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքների անդամների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ենք իրականացնում: Հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոթեքային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները, որը վճռականորեն կառավարությունն իրականացնում է: «Ըստ էության, տեսեք ինչ է տեղի ունենում՝ տնտեսությունն արձագանքում է մեր իրականացրած միջոցառումներին: Փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Դա 13 տոկոսով ավելի է: Խնդրում եմ հաշվի առեք, որ նախորդ տարվա փետրվարին դեռ կորոնավիրուսի համաճարակը տնտեսական նեգատիվ ազդեցություն չէր բերել: Եվ նախորդ տարվա փետրվարին իր հերթին շատ լուրջ աճ էր արձանագրվել 2019թ. փետրվարի նկատմամբ, որը, այսպես ասած, շատ լուրջ տնտեսական վերելքի ժամանակաշրջան էր:

Իսկ քաղաքական իրադրության հետ կապված կարծում եմ՝ այլ ճանապարհ, քան երկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը մեր «Ճանապարհային քարտեզ»-ի անբաժանելի մասն է: Եվ մենք այս ընթացքում նաև քաղաքական քննարկումներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել՝ հաջող և անհաջող, բայց այդ ճանապարհը, իհարկե, պետք է շարունակենք»,- ասել է վարչապետը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ