Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը

Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն 
կանխել հակամրցակցային վարքագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոր օրինագծով նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, այդ թվում՝ հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարը դարձնել առավել արդյունավետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:

-Պարոն Մարկոսյան, նախագիծն ԱԺ-ում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախ ո՞րն էր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնելու նպատակը, այն պատշաճ հանրային քննարկում անցե՞լ է:

- Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2000 թ-ին, և 21 տարվա ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել՝ այդ ընթացքում բազմաթիվ հարցերում ցույց տալով բացեր, թերի կարգավորումներ: 2015-ի Սահմանադրական բարեփոխումներն էլ իրենց հետ բերել են որոշակի սահմանադրական պահանջներ՝ նաև օրենսդրական փոփոխության առնչությամբ: Այս ամենն իմի բերելով՝ մենք որոշեցինք նախաձեռնել գործընթացը: Հարցում ենք արել ոլորտում հայտնի գիտական հաստատություններին, բուհերին, որպեսզի հավաքագրենք ոլորտի վերաբերյալ խնդիրները: Հանձնաժողովում բավականին երկար աշխատանքից հետո նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման` e-draft-ում, ներկայացվել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ պետական կառույցներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ՀՀ փաստաբանների պալատին, ՄԻՊ-ին և այլ կողմերի: Այս ամենը մեզ թույլ տվեց ունենալ բազմակողմանի քննարկված նախագիծ: Հիմնավորված առաջարկները լրիվ կամ մասնակի ընդունվել և իրացվել են նախագծում:

 

-Եթե փորձենք ավելի մատչելի ձևով ներկայացնել, որո՞նք են նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները:

- Նախագծի հիմնական ուղղությունները երկուսն են՝ ունենալ կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն: Ներկայումս մենք վարչական վարույթ հարուցում ենք դիմումի հիման վրա, և խախտման մեջ մեղադրվող տնտեսավարողի համար պարզ չէ, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրված դիմումի շրջանակներում: Եվ շատ դեպքերում վերջում պարզվում է, որ տնտեսավարողը ամենևին էլ խախտում չէր արել, և մենք վարչական վարույթը կարճում ենք: Ըստ նախագծով առաջարկվող կարգավորումների՝ դիմումը ինքնաբերաբար վարույթի հարուցման հիմք չէ, այլ ընդամենը առիթներից մեկն է, որ հանձնաժողովը սկսի նախնական ուսումնասիրություն: Դրա շրջանակներում, եթե կշոշափվեն առերևույթ խախտման հատկանիշներ, կսկսվի բուն վարույթը: Մենք վարույթ հարուցելու որոշման մեջ հստակ գրելու ենք այն նորմը, որի շրջանակում մեղադրանքը պետք է քննարկվի: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա դա պետք է դիտարկենք երկու ասպեկտով, առաջին՝ որքանո՞վ են առկա կարգավորումները հետապնդվող նպատակին հասնելու հնարավորություն տալիս, և երկրորդ՝ որքանո՞վ է այս գործիքակազմը խնայողական: Թե առաջին, թե երկրորդ առումներով գործող օրենսդրությունը, մեղմ ասած, չի բավարարում այդ արդյունավետության չափանիշներին: Այսպիսով, հանձնաժողովի գործունեությունն ուղղորդվել է երկու թիրախներով՝ կանխել հակամրցակցային վարքագիծը և խափանել: Այսինքն՝ մեր նպատակը ոչ թե պատժելն է, այլ՝ օրենքով թույլատրված միջոցառումների շրջանակում հասնել ազատ տնտեսական մրցակցության:

 

-Նոր կարգավորումներով ինչպե՞ս եք կանխելու հակամրցակցային վարքագիծը:

-Կանխելու գործիքակազմը բազմաբնույթ է: Առաջինը՝ հանձնաժողովն անվճար խորհրդատվական եզրակացություն է տրամադրելու այն տնտեսավարողներին, որոնք որևէ քայլ անելիս կասկածում են, որ իրենց գործողությունը կարող է մրցակցային խախտում պարունակել: Կարևորագույն տեղ է տրամադրվել հանրային իրազեկումներին, նախատեսում ենք պարբերաբար տեղեկատվական հոլովակներ հրապարակել, որոնք մրցակցային իրավունքի էության և առանձնահատկությունների մասին տեղեկատվություն կփոխանցեն և տնտեսավարողներին և սպառողներին: Ունենք նաև զգուշացման գործիքը, որը կիրառվում է ոչ թե խախտման համատեքստում, այլ, երբ կա իրավիճակ, որ կարող է ռիսկ ծնվել, որ ինչ-որ մեկը խախտում կանի: Հանձնաժողովի հետ համագործակցությունը՝  անկախ նախորդող վարքագծի, խրախուսական է: Եթե տնտեսավարողը վարույթի ընթացքում կգա, կընդունի իր մեղքը, կվերացնի խախտման հետևանքները և հանձնաժողովից կխնդրի արագացված վարույթի կիրառում, հանձնաժողովը կկիրառի օրենքով թույլատրված պատասխանատվության 50 տոկոսը:

-Գործարարներն ի՞նչ էական փոփոխություններ կզգան այս օրենքի ընդունումից հետո:

-Գործարարները և այն բոլոր անձինք, ում վրա ազդում է մեր գործունեությունը, դրական ազդեցություն կզգան: Հանձնաժողովի արդյունավետ գործունեության դեպքում մեծ առումով շահելու են բոլոր բարեխիղճ անձինք՝ այդ թվում տնտեսավարողները: Այս նախագիծը ևս մեկ էական առաջընթաց է արձանագրում. ներկայումս մեր ոլորտում թույլ տրված խախտումների համար պատասխանատվությունը վաղեմություն չունի: Օրինակ, 2003-ին գործած որևէ արարք կարող է այսօր դառնալ քննարկման առարկա, եթե նման հաղորդում ունենանք, պետք է ընթացք տանք: Հիմա օրենքով նախատեսում ենք վաղեմության ժամկետ, որն անցնելուց հետո մենք այլևս չենք կարող տնտեսավարողին անհանգստացնել: Առաջին ընթերցմամբ քննարկմանն անցել է 10 տարվա ժամկետը, սակայն հնարավոր է, որ այդ շեմն իջեցվի:

-Տեսակետներ են հնչում, թե այդ օրինագիծը նոր «մահակ» է հատկապես խոշոր տնտեսավարողների համար, նպատակը նրանց շահույթից զրկելն է: Ի՞նչ կասեք այս քննադատությունների մասին:

- Մտահոգություն հնչեցնողներին պայմանական կարելի է մի քանի խմբի բաժանել, առաջինը՝ մտահոգություն են հնչեցնում և այդքանով սահմանափակվում, անհասկանալի է, թե ինչն է մտահոգում: Մտահոգություններ հայտնողների երկրորդ խումբն ապակառուցողական դաշտում է, քանի որ ասում են, որ մտահոգ են, բայց որևէ կոնկրետ առաջարկ չեն անում, վերջում էլ առաջարկում են օրինագիծը հանել շրջանառությունից: Նրանք նշում են օրինակ, որ X կարգավորումն այսպիսին է՝ մոռանալով, որ գործող օրենքը հենց նույնաբովանդակ է և մի քանի անգամ ավելի վատ իրավիճակում: Մտահոգություններ հայտնողների երրորդ խումբը կառուցողական է, նրանց կողմից հնչում են դիտարկումներ, առաջարկություններ,  որոնք ողջամտորեն հիմնավորված են, տեղ են գտնելու երկրորդ ընթերցմամբ ներկայացվելիք նախագծում: Կան սուբյեկտներ, որոնց ուղարկվել է նախագիծը, նրանք ժամանակին լռել են, և միայն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մտահոգություններ են հնչեցնում: Առաջարկների համար բաց ենք: Բոլոր բարեխիղճ տնտեսավարողները և քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն այս կառույցի ինստիտուցիոնալ կատարելագործման հարցով:

-Այս նախագծով տնտեսավարողների համար քրեական պատասխանատվություն, պատժաչափերի փոփոխություններ նախատեսվու՞մ են:

-Քրեական օրենսգրքում ներկայումս էլ պատասխանատվություն է նախատեսվում մի շարք հակամրցակցային գործողությունների համար: Ներկայումս նախատեսված հոդվածը ձևական հանցակազմ է: Արարքը կատարելու փաստով այն համարվում է ավարտված, և քրեական պատասխանատվությունը կարող է վրա հասնել: Մենք այն դարձնում ենք նյութական, ավելացնում ենք հետևանքի սեգմենտը: Մասնավորապես, եթե չկա խոշոր չափի վնաս կամ խոշոր չափով շահույթ, ապա հանցակազմ գոյություն չունի: Խոշոր չափը սահմանվում է օրենքով. 1-5 միլիոնը համարվում է խոշոր չափի վնաս: Եթե այս փոփոխությունը հիմա չանենք, մեր մի շարք որոշումներ, որոնք հրապարակված են հանձնաժողովի կայքում ինքնին առիթ են, որ քրեական գործեր հարուցվեն: Մենք քրեական պատասխանատվություն չենք ավելացնում, հակառակը՝ եղածը կատարելագործում ենք՝ հստակ տարանջատելով իրավիճակները, նաև ապահովագրելով տնտեսավարողներին: Ինչ վերաբերում է պատժաչափերի փոփոխությանը, ապա ասեմ, որ նոր պատժաչափեր չեն ավելացվում: 

-Այդ դեպքում, ինչո՞ւ են բողոքում գործարարները, ո՞րն է հանձնաժողովի հիմնական ուղերձը:

-Ինձ մոտ տպավորություն է, որ կամ մարդիկ չեն կարդացել փոփոխությունները, կամ իրենք ծանոթ չեն գործող օրենքին, կամ չեն ցանկանում դրական տարբերությունները ֆիքսել: Մեր ուղերձը հետևյալն է՝ այն անձինք, որոնք ունեն քննադատություն, վերադառնան կառուցողական դաշտ, հանձնաժողովը միշտ բաց է ողջամիտ առաջարկների համար, պատրաստ է ցանկացած ողջամիտ առաջարկ իրացնել՝ թե հիմա, թե օրենքի ընդունումից հետո՝ ենթաօրենսդրական աշխատանքում:

-Հաճախ տնտեսավարողները ներքին կարգով համաձայնություններ են ձեռք բերում, այս հակամրցակցային համաձայնությունների առնչությամբ նախագծով որևէ բան նախատեսվո՞ւմ է:

- Հակամրցակցային համաձայնություններն իրենց բնույթով հակամրցակցային գործողություններից ամենածանրն ու ամենավտանգավորն են: Այդ խախտումներին բնորոշ է բանավոր պայմանավորվածությունը, իսկ մենք հնարավորություն չունենք հասկանալու, թե օրինակ երկու հոգի մի վայրում ինչ են պայմանավորվել: Եվ նախագծերի փաթեթում տեղ է գտել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախաձեռնման հնարավորություն՝ նաև հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը պարզապես դիմելու է իրավասու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին՝ համապատասխան միջնորդությամբ, որի հիման վրա կձեռնարկվեն կամ չեն ձեռնարկվի քայլեր, և եթե արդյունքներ կլինեն, կփոխանցվեն հանձնաժողովին: Սա թույլ կտա բացահայտել այդ բանավոր պայմանավորվածությունները և հանձնաժողովի գործունեությունը նաև այդ առումով արդյունավետ դարձնել: Մինչև այս հանձնաժողովի կողմից բացահայտվել են շատ քիչ թվով հակամրցակցային համաձայնությունների դեպքեր: Այսպիսով, այս նախաձեռնությունը նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, այդ թվում՝ հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնել:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]