Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Տնտեսության մի քանի ճյուղերի առաջ պարտավորությունների կատարմանը կառավարությունը կուղղի 954 մլն դրամ

Տնտեսության մի քանի ճյուղերի առաջ պարտավորությունների կատարմանը 
կառավարությունը կուղղի 954 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեում, որով 954 մլն դրամ կուղղվի նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է նախորդ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32 մլն դրամ հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված  տրանսպորտային ընկերությունների՝ հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ապահովման համար:

«165 մլն դրամ պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը: Այս պահին արդեն 274 մլն դրամ փոխհատուցել ենք: Սա մոտ 4,4 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր էր: 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գործողություններին մարդկանց եւ զինծառայողների հետ կապված խնդիրների լուծմանը, և 543 մլն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը ապահովելուն»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ սա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների պարտավորությունների կատարման ապահովման համար է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք կոնյակի սպիրտի այդ ծավալներն արդեն արտահանվել են ու հիմա տուրքի փոխհատուցում  է իրականացվում: Նախարարը դրական պատասխան տվեց: «Այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է: Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա նաև շղթայական էֆեկտ ունի մինչեւ խաղողագործություն եւ գյուղատնտեսության զարգացում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն քանի տարի խաղողագործները ճանապարհ չեն փակում՝ որպես բողոքի արտահայտում, խաղողը չեն թափում:

Քերոբյանի խոսքով՝ հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի ու գինու արտահանման հարցում, այդ երկու կատեգորիաներում ունենք էական անկում: «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել ու չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»,- ասաց նախարարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ