Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Մայիս

Եթե բանակցում էինք տալու համար, ուրեմն պետք չէր բոլորիս պատրաստել չտալուն. Մարուքյանը՝ նախկին իշխանությանը

Եթե բանակցում էինք տալու համար, ուրեմն պետք չէր բոլորիս պատրաստել չտալուն. 
Մարուքյանը՝ նախկին իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ եթե ՀՀ նախկին ղեկավարությունը Արցախի հարցով բանակցում էր՝ որոշ տարածքներ տալու համար, ապա պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, ոչ թե բոլորին պատրաստեին չտալուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավելի վաղ իր արած հայտարարությանը՝ Արցախում կորցված տարածքներում նախկինում արված ներդրումների վերաբերյալ:

«Ես կողմ եմ այդ ներդրումներին, հիմա էլ եմ կողմ, եթե չպետք է տայինք Ադրբեջանին: Եթե պետք է տայինք Ադրբեջանին, ես դեմ եմ ներդրումներին: 30 տարի պետք է հարցը լուծվեր, և ներդրումները չարվեին: Հիմա մարդիկ ասում են, որ իրենք բանակցում էին, որ տան: Հիմա, ես էլ ասում եմ՝ եթե բանակցում էինք, որ տայինք, ուրեմն պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, ոչ թե մեզ բոլորիս պատրաստեին չտալուն, բայց հետո այդ գաղտնիքը բացեին, ասեին, որ բոլորն էլ ուզում էին տային»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, թե նախկին իշխանության կողմից միշտ ասվել է, որ բանակցում են ձգձգելու համար և չեն տալու ոչ մի բան: Մարուքյանը հորդորեց հետ գնալ և նայել Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորների հայտարարություններն այս մասով: Մարուքյանը նկատեց՝ ընդ որում ասվել է, որ այս իշխանությունն ուզում է տա, ու քննադատվել է այս հարցով:

Նա նկատեց՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմա ասում է, որ ինքը միշտ եղել է այն գծի մեջ, որ պետք է գնալ այդ ճանապարհով: ԼՀԿ  ղեկավարն էլ հարց է բարձրացնում՝ եթե այդպես է, այդ խնդիրը պետք է արագ լուծվեր, ոչ թե ՀՀ քաղաքացիների, սփյուռքի գումարները ներդրվեր այն տարածքներում, որոնք պետք է տրվեին Ադրբեջանին:

«Արցախում Սահմանադրությունը գրել է Հրայր Թովմասյանը, այդ Սահմանադրությունը գրվել է նաև ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո: Այդ Սահմանադրության մեջ գրվել է, որ բոլոր 7 շրջանները Արցախի Հանրապետության տարածք են համարվում և անքակտելի են: Այսինքն՝ ժողովրդին մատուցվել է, որ սա ձեր տարածքն է, և որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել, մյուս կողմից՝ այդ տարածքները փոխանցելու վերաբերյալ բանակցություններ են եղել»,-ասաց Մարուքյանը:

Նա նաև համոզվել է, որ պետք է ստեղծվի պատերազմի հանգամանքները քննող պարիտետային փաստահավաք խումբ: Ըստ Մարուքյանին հասած լուրերի՝ նախկին փորձառու գեներալներին թույլ չեն տվել մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրներին: ԼՀԿ ղեկավարի կարծիքով՝ իշխանությունը պետք է պատասխան տա այս և այլ հարցերի առնչությամբ:

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։ Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ