Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հավակնոտ ծրագրերի ժամանակն է. նախարարը կարևորում է գիտության ֆինանսավորումը նաև բիզնեսից

Հավակնոտ ծրագրերի ժամանակն է. նախարարը կարևորում է գիտության 
ֆինանսավորումը նաև բիզնեսից

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իր երկու կառույցների աշխատանքում էական փոփոխություններ է մտցնում, որպեսզի գիտությունը ֆինանսավորվի ոչ միայն բյուջեից, այլ նաև՝ բիզնեսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում:

Ըստ նախարարի ՝գիտությանը շատ վատ են վերաբերվել վերջին 30 տարվա ընթացքում: «Սակայն դա որոշ չափով արդեն իմ պատասխանատվության ներքո է: Էկոնոմիկայի նախարարությունն ունի երկու կառույց՝ Մտավոր սեփականության գործակալությունը և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: Եվ այդ երկու կառույցների միջոցով պետք է գիտությունը առևտրայնացվի: Այսինքն՝ գիտության ստեղծած պրոդուկտը սկզբում կգրանցվի, հետո ՆՁԱԿ-ի միջոցով պետք է գտնի այն բիզնեսներին, որտեղ այդ գիտական հայտնագործությունը կամ ուսումնասիրությունը կկարողանա դառնալ բիզնեսի համար փող աշխատելու աղբյուր»,-ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ այդ երկու կառույցների աշխատանքում էական փոփոխություններ են մտցնում, որպեսզի կարողանան գիտությանը ֆինանսավորել ոչ միայն բյուջեից, այլ նաև՝ բիզնեսից: Նախարարը շատ կարևոր համարեց, որ բիզնեսը ստանա այն հնարավորությունները, որ կարողանա ֆինանսավորել գիտությանը: «Դա կարող է լինել որոշակի հարկային արտոնությունների տեսքով կամ այլ տիպի խրախուսանքի տեսքով, բայց մենք բիզնեսն ու գիտությունը պետք է մոտեցնենք միմյանց»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով ավելի վաղ իր հնչեցրած մտքին՝ Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հավակնոտ ծրագրի հետ կապված՝ նախարարը շեշտեց, որ հավակնոտ ծրագրերի ժամանակն է: «Անկախության 30 տարում մենք, կարելի է ասել, որևէ լուրջ բանով պարծենալ չենք կարող: Եվ դա ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ, սակայն սերունդները նայելու են մեր տված արդյունքին, ոչ թե նրան, թե ինչ պատճառներ կային այդ ժամանակ: Ուստի, ես կարծում եմ, որ հավակնոտ ծրագրերի ժամանակն է: Եվ մենք պետք է գտնենք այն խելքը, կարողությունները, ռեսուրսները, որոնք մեզ կօգնեն ստեղծել մեծ բաներ Հայաստանում: Եվ տեխնոլոգիական կենտրոն դարձնելը, ես չէի ասի, թե ամենահավակնոտն է, բայց մենք դրա լավ հնարավորություններն ունենք»,-ասաց Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ Հայաստանը շատ լավ երկիր է, որ տաղանդավոր ստարտափն իր թիմով գա, ստեղծի իր պրոդուկտը, օգտագործի հայկական մարդկային կապիտալը, Հայաստանն էլ պետք է ապահովի ամբողջ էկոհամակարգը, որը պետք է սպասարկի այդ տիպի ընկերություններին՝ ցուցահանդեսներ, սիմպոզիումներ, գիտական ֆորումներ: «Հայաստանը շատ լավ տեղ է նրանց համար, քանի որ Հայաստանում ապահով է: Անկախ ամեն ինչից պետք է հիշենք, որ Երևանը 10 ամենաապահով քաղաքներից է՝ բռնությամբ հանցագործությունների առումով: Այստեղ ուտելիքը, կլիման շատ լավ է: Շատ լավ միջավայր է, որ հարևան երկրներից մարդիկ տեղափոխվեն Հայաստան, և Հայաստանում ևս գոյանան ընկերություններ, որոնք կկարողանան ստեղծել պրոդուկտներ աշխարհի համար»,-ասաց Քերոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am