Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄԷ-ի ձեռքբերումները տիեզերագիտության ոլորտում. հարցազրույց ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի հավատարմատարի հետ

ԱՄԷ-ի ձեռքբերումները տիեզերագիտության ոլորտում. հարցազրույց ՀՀ-ում ԱՄԷ-ի 
դեսպանության գործերի հավատարմատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ-ն վճռական քայլեր է ձեռնարկում` իրականացնելու տիեզերագիտության ոլորտում առաջատար երկիր դառնալու իր տեսլականը։ Այս համատեքստում նախորդ տարվա կեսերին մեկնարկել է ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությունը դեպի Մարս։ Այս առաքելությունն անվանվել է «Հույսի Մարս առաքելություն»։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Հարց. Վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է ԱՄԷ կառավարության ուշադրությունը տիեզերագիտության ոլորտի զարգացման հանդեպ։ Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել այս ուղղությամբ։

Պատասխան. ԱՄԷ-ն վճռական քայլեր է ձեռնարկում` իրականացնելու տիեզերագիտության ոլորտում առաջատար երկիր դառնալու իր տեսլականը։ Այս համատեքստում նախորդ տարվա կեսերին մեկնարկել է ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությունը դեպի Մարս։ Այս առաքելությունն անվանվել է «Հույսի Մարս առաքելություն»։  

ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակն առաջին արաբական առաքելությունն է, որն ուղարկվել է Կարմիր մոլորակ՝ իրականացնելով համաշխարհային տիեզերական քարտեզում արաբական ներկայություն հաստատելու վերաբերյալ 56 արաբական և իսլամական երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց ակնկալիքները:

Այսպիսով՝ ԱՄԷ-ն դարձել է աշխարհի ինը երկրներից մեկը, որն իր ներդրումն է կատարել  Մարս մոլորակի հետազոտման նախագծում, իսկ էմիրաթցիները կլինեն 5 ազգերից մեկն աշխարհում, որ կհասնեն Մարս:

Հարց. Ո՞րն է «Հույսի Մարս առաքելության» նպատակը։

Պատասխան. «Հույսի արբանյակը» հանդիսանում է ներդրում հանուն ապագայի, ինչպես նաև երիտասարդների ոգեշնչման աղբյուր՝ մատնանշելով, որ երկինքը ոչ թե սահման է, այլ՝ երազանքների իրականացման սկիզբ: Այն անհնարինը հնարավոր դարձնելու ուղերձ է հղում ապագա սերունդներին՝ ապացուցելով, որ վճռականությամբ և կամքի ուժով մարդիկ կարող են մարտահրավերները վերածել հնարավորությունների:

Տիեզերական առաքելությունն հաստատում  է, որ ԱՄԷ-ն և արաբական աշխարհը հնարավորություն ունեն գիտական ոլորտում հասնել այնպիսի թռիչքաձև զարգացման, որը կնպաստի միջմոլորակային հետազոտությունների ընդլայնմանը։

ԱՄԷ-ի «Մարս» առաքելությունը մեծապես նպաստում է մարդկության և համաշխարհային գիտական հանրության զարգացմանը, քանի որ «Հույսի» արբանյակի կողմից Մարս մոլորակի վերաբերյալ հավաքագրված բոլոր տվյալները անվճար հիմունքներով կփոխանցվեն աշխարհի ավելի քան 200 հետազոտական կենտրոնների և գիտական հաստատությունների:

Առաքելությունը կոգեշնչի արաբ երիտասարդներին՝ շարունակելու գիտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտում իրենց ուսումնասիրությունները, ինչպես նաև  կստեղծի տիեզերական տեխնոլոգիաների, նորարարությունների և հետազոտությունների ոլորտում ազգային փորձ: Բացի այդ, առաքելությունն ամրապնդում է ԱՄԷ-ի դերը որպես գիտելիքների արտադրության ոլորտում գլոբալ գործընկեր, ինչպես նաև ԱՄԷ-ն և արաբական աշխարհը գիտելիք սպառող երկրներից վերածում է գիտելիք մատակարարողների և համաշխարհային տիեզերական համայնքի ակտիվ ներդրողների:

Անօդաչու զոնդը կտրամադրի Մարսի մթնոլորտի առաջին իրական գլոբալ պատկերը, ինչպես նաև կներկայացնի Կարմիր մոլորակի  վերաբերյալ շուրջօրյա տվյալներ, որոնք հնարավորություն կտան գիտնականներին ավելի խորը պատկերացում կազմել մոլորակի կլիմայի վերաբերյալ։

Գիտական  այս հավակնոտ նախագիծն էապես կնպաստի ԱՄԷ-ի և արաբական աշխարհի ինժեներական, արդյունաբերական, գիտական և հետազոտական կարողությունների խթանմանը:

Հարց. Որքա՞ն ժամանակ է պահանջվել «Հույսի զոնդ» արբանյակի մշակման համար։

Պատասխան. Տիեզերական հետախուզական առաքելությունները  ռիսկային և անկանխատեսելի տիեզերական միջավայրում բախվում են բազմաթիվ մարտահրավերների, այդիսկ պատճառով նմանատիպ առաքելությունները պահանջում են նախապատրաստման և փորձարկման երկարատև փուլեր հաջողության հնարավոր ամենաբարձր ցուցանիշին հասնելու համար:

«Հույսի զոնդ» արբանյակը մշակվել է 6 տարվա ընթացքում, մինչդեռ նմանատիպ արբայնակների մշակումը սովորաբար տևում է 2 անգամ ավելի։

Այն մշակվել է 200 էմիրաթցի ինժեների, փորձագետի և հետազոտողի կողմից, որոնց 34%-ը կազմել են կանայք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում նման նախագծի համար:

Ծրագրի շրջանակներում մշակվել է ավելի քան 200 նոր տեխնոլոգիա, իսկ արբանյակի ավելի քան 66 մաս արտադրվել է ԱՄԷ-ում։

ԱՄԷ-ի «Մարս» առաքելությունը հաստատել է 15 գլոբալ համագործակցություն տարբեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ:

«Հույսի» արբանյակի ժամանումը Մարսի ուղեծիր 2021 թվականին կհամընկնի ԱՄԷ-ի հիմնադրման  50-ամյակի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]