1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանական Aladina հիմնադրամը «Սիթի Օֆ Սմայլ»-ին տրամադրել է քաղցկեղ ունեցող հայ երեխաների 2 ամսվա բուժման գումարը

Իսպանական Aladina հիմնադրամը «Սիթի Օֆ Սմայլ»-ին տրամադրել է քաղցկեղ ունեցող 
հայ երեխաների 2 ամսվա բուժման գումարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին համավարակի և պատերազմի հետևանքով կտրուկ նվազել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու մինչև 25 տարեկան երիտասարդներին աջակցող «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» հիմնադրամին արվող նվիրատվությունները: Միջոցների սպառման եզրին կանգնած հիմնադրամին, սակայն, տարեվերջին ձեռք է մեկնել իսպանական «Ալադինա» հիմնադրամը՝ ապահովելով շահառու երեխաների շուրջ 2 ամսվա բուժման ամբողջ գումարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Սիթի Օֆ Սմայլ»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: 

«Կորոնավիրուսի համավարակը բերեց նվիրատվությունների բավականին լուրջ նվազման: Դրանից հետո վրա հասավ պատերազմը, որն էլ ավելի ծանրացրեց ու բարդացրեց իրավիճակը: Հիմնադրամի բացման օրվանից երբևէ նման քիչ քանակի նվիրատվություն չենք  ունեցել, որքան ունեցանք հենց պատերազմի ամիսներին՝ հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբերին: Պատճառներն, իհարկե, օբյեկտիվ էին՝ բոլորիս ուշադրությունը սևեռված էր մեկ ուղղությամբ՝ փորձել օգնել, ամեն ինչ անել, որ պատերազմը հաղթենք, մեր զինվորները ոչ մի բանի պակաս չունենան, տեղահանվածներին էլ ապահովենք»,-ասաց Դեմիրճյանը:

Նա բնական համարեց, որ երբ կա ազգային ինքնության խնդիր, մնացած ուղղվածությամբ հիմնադրամները գնում են երկրորդ պլան: Սակայն միևնույն ժամանակ շեշտեց, որ քաղցկեղ ունեցող երեխաները չեն կարող սպասել: Ցանկացած օրվա՝ թե՛ դեղերի, թե՛ հետազոտությունների ուշացումը ունենում են շատ ծանր հետևանքներ: Սակայն, բարեբախտաբար, անգամ այդ օրերին չի եղել դեպք, որ հիմնադրամը մերժի որևէ մեկին: «Բայց այդ մտավախությունը կար, որ միգուցե կստեղծվեր մի իրավիճակ, երբ ստիպված կլինեինք շահառուներին մերժել կամ ընտրության որոշակի չափորոշիչներ մտցնել»,-ասաց Դեմիրճյանը:

Պատերազմից հետո նվիրատվությունների հոսքը համեմատաբար ակտիվացել է: «Ստացանք մի շարք փոքր դրամաշնորհներ տարբեր կազմակերպություններից: Սակայն մեզ համար ամենաոգևորիչը և ուժ տվողը իսպանական «Ալադինա» հիմնադրամի 160 հազար դոլարի նվիրատվությունն էր»,-ասաց նա ու հավելեց, որ դա մեկ կազմակերպությունից ստացած ամենամեծ նվիրատվությունն է: 

Հիմնադրամի տնօրենն անկեղծացավ, որ «Ալադինա»-ին նախորդ տարեվերջին դիմելիս կար մտավախություն, որ գուցե համագործակցությունը չստացվի: «Ալադինա» -ն հիմնականում գործում է Իսպանիայում, աշխատում է Իսպանիայի 15 տարբեր հիվանդանոցների հետ: Սա միջազգային փոխանցման իրենց երկրորդ փորձն է. առաջինը եղել է Լիբանանի մանկական քաղցկեղի կենտրոնին: 

‹‹Շատ պատվաբեր և պարտավորեցնող է, որ հաջողվեց գրավել նրանց ուշադրությունը: Մեզ համար այս համագործակցությունը ամանորյա լավագույն նվերն էր։ Այն մեզ ուժ և եռանդ տվեց հիմնադրամի առաքելությունը շարունակելու համար»,-ասաց նա:

Դեմիրճյանն այս համագործակցությունը համարեց տարվա լավ սկիզբ՝ շեշտելով, որ պետք է ներգրավեն նաև այլ կազմակերպությունների: Երեխաների, երիտասարդների բուժման համար հիմնադրամի ամսական ծախսը կազմում է մոտ 70-80 հազար դոլարին համարժեք դրամ: «Ալադինա» հիմնադրամը հատկացրել է 2 ամսվա գումարը: Տիկին Դեմիրճյանը հավելեց, որ այս նվիրատվությունը հիմնադրամին ևս 2 ամիս  «շնչելու» ժամանակ է տալիս, ինչի համար հիմնադրամի ողջ կազմը խորին շնորհակալություն է հայտնում «Ալադինա» հիմնադրամի հիմնադրին և տնօրինությանը:

«Ալադինա» հիմնադրամը հիմնադրել է կինոռեժիսոր Պակո Արանգոն: Այն Իսպանիայում գործում է շուրջ 15 տարի՝ աջակցելով քաղցկեղ ունեցող երեխաներին: Իսպանիայում քաղցկեղ ունեցող երեխաների բուժման հիմնական բեռը թեև պետության վրա է, սակայն հիմնադրամը տրամադրում է այլ տեսակի աջակցություն՝ միջոցառումներ է կազմակերպում, խաղասենյակներ նորոգում, տրամադրում հոգեբանական, զգայական աջակցություն և այլն: Դեմիրճյանը հույս հայտնեց, որ «Ալադինա» հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի շարունակական:

Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ քաղցկեղ ունեցող երեխաների բուժումը բավականին թանկարժեք է, և հնարավորինս շատ մարդիկ պետք է համախմբվեն այս խնդրի շուրջ: Նա հանրությանը խրախուսեց է պարբերաբար կատարել նվիրատվություններ:

 «Իհարկե շատ լավ է, երբ հուզիչ պատմությունների, նկարների ներքո տրվում ենք մեր զգացմունքներին և անում ենք նվիրատվություն, սակայն, ցավոք, հետո մոռանում ենք այդ խնդրի մասին, մինչդեռ անհրաժեշտ է, որ նման նվիրատվությունները լինեն շարունակական»,-ասաց նա ու հավելեց, որ հիմնադրամի կայքը տալիս է հնարավորություն ընտրել ամենամսյա նվիրատվություն կատարելու տարբերակը և դառնալ հիմնադրամի և երեխաների մշտական աջակիցը: 

Այսպիսով, Դեմիրճյանն անհատներին, կազմակերպություններին հորդորում է չմոռանալ քաղցկեղ ունեցող երեխաների մասին՝ մասնակիցը դառնալով նրանց բուժման շարունակականությանը: «Երբ արտերկրում զրուցում ես մարդկանց հետ, նրանք ասում են, որ ունեն բարեգործության մի քանի նախընտրած ուղղվածություն, «իմ բարեգործություն» ասելով՝ մարդն ի նկատի ունի այն հիմնադրամները, որոնց ինքը սատարում է: Ես իսկապես շատ կուզեմ, որ մեր հանրության շրջանում էլ բարեգործությունը դառնա կենսակերպի կարևոր մաս, և «իմ բարգործություն» ասելով ներկայացնենք այն հիմնադրամը կամ հիմնադրամները, որոնց գործունեությունը մոտ է մեր հոգուն և որոնց մենք վստահում և աջակցում ենք։ 

Գիտակցում եմ, որ այսօր շատերը հայտնվել են բավական դժվար իրավիճակում, այնուամենայնիվ կարծում եմ, որ յուրաքանչյուրս կարող ենք գոնե ամիսը մեկ անգամ ինչ-որ բանից՝ մեկ բաժակ սուրճից, մեկ գավաթ գինուց կամ հաճելի ընթրիքից հրաժարվել և փոխարենն այդ գումարը տրամադրել այն երեխաներին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն»,-ասաց Դեմիրճյանը՝ հավելելով, որ բացի անհատներից, կարևոր է, որ հատկապես կազմակերպությունները և գործարարները մասնակից դառնան այս խնդրի լուծմանը՝ ներառելով  «Սիթի Օֆ Սմայլ»-ն իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում: 

«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի տարեկան ծախսը կազմում մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ․շահառուներն են երեխաները, երիտասարդները  Հայաստանից,  Արցախից և Ջավախքից: Ընդհանուր առմամբ «Սիթի Օֆ Սմայլը»-ը մինչև օրս օգնել է մոտ 370 երեխայի և երիտասարդի: Գործունեության 2,5 տարվա ընթացքում հիմնադրամը բուժման նպատակով տրամադրել է մոտ 700 մլն դրամ: 2020-ին հիմնադրամն ունեցել է 95 նոր շահառու: «Սիթի Օֆ Սմայլ»-ն ամեն ամիս օգնում է միջինում 70-100 պացիենտի։

Դեմիրճյանի խոսքով՝ այսօր Հայաստանում քաղցկեղ ունեցող երեխաների մոտ 70 տոկոսը լիովին առողջանում է: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]