Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոչ թե մահացել, այլ անմահացել. հերոսի 7-ամյա դուստրը փորձում է գտնել «ինչո՞ւ»-ի պատասխանը

Ոչ թե մահացել, այլ անմահացել. հերոսի 7-ամյա դուստրը փորձում է գտնել «ինչո՞ւ»-ի 
պատասխանը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն ավելի քան 3 ամիս է, ինչ  Հեղինեի ու դստեր՝ Շուշանիկի օրերը տարբերվում են` մի տեսակ «դատարկ» են:  Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ընտանիքի հայրը՝ անմահացած հերոս՝ սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանն առաջնագծում էր: Կյանքի 10 տարին հայրենիքի պաշտպանությանը նվիրած Արտակն իր գործողություններով ընկերներին, ծանոթներին, հարազատներին ու ընտանիքին հայրենիքը սիրելու դասեր էր տալիս:

1990 թվականին ծնված Արտակը դպրոցն ավարտելուց հետո անցնում է պարտադիր զինվորական ծառայության, որից հետո, անմիջապես,  հայրենիքի պաշտպանության գործին նվիրվում որպես պայմանագրային: Հագնում է զինվորական համազգեստն ու երդվում, նվիրվում հայրենիքին: Ջոկի հրամանատար էր, ստանալու էր ենթասպայի կոչում, սակայն այդպես  էլ չհասցրեց:

Ընկերների՝ Աշոցքի ջոկատի տղաների հետ, երկար ու ծանր մարտեր էին մղում Իշխանաձորում: Չնայած մարտերը թեժ էին ու անհավասար, ջոկատը նահանջ չունեցավ: «Մերն է Իշխանաձորը լինելու մինչև կյանքի վերջ»,-այսպես էր ընկերներին քաջալերում Արտակը: 2 անգամ վիրավորվել էր ու տեղափոխվել զինվորական հոսպիտալ, 2 անգամ էլ հոսպիտալից փախել ու կրկին գնացել է ընկերների մոտ՝ խրամատներ: Այդ ամենի մասին չէր պատմում կնոջը, ավելին, միայն ոգևորությամբ էր միշտ խոսում: Կինը՝ Հեղինեն, նշում է՝ ամուսնու քաջագործությունների ու վիրավորումների մասին իմացել է միայն մահից հետո ընկերներից: Հոկտեմբերի 19-ին դիրքից դիրք տեղափոխվելու ժամանակ թշնամին պայթեցնում է զինվորներին տեղափոխող մեքենան: Զոհվում են 19  հայորդիներ, նրանց թվում նաև Արտակը:

Չնայած կարոտին ու վշտին, մասնագիտությամբ լրագրող Հեղինեն, հանուն  իր յոթնամյա դստեր ու ամուսնու հիշատակի, իր մեջ ուժ գտավ իրեն հավաքելու ու յուրովի պայքարելու:

«2020 թվականը իմ կյանքի ամենադժվար ու ամենադժբախտ տարին էր, որն ուզած թե չուզած թողեցինք անցյալում: Տարին անցավ, բայց ո՛չ մեր ցավը, ո՛չ կարոտը, ո՛չ վիշտը: Մեր վիշտը տեղափոխեցինք 2021,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Հեղինեն՝ ավելացնելով,-իմ կյանքի իմաստն ու կյանքի զարկերակը իմ աղջիկն է, ում համար ես նորից աշխատում եմ ու ապրում եմ՝ փորձելով իմ կյանքի մեջ գույներ ավելացնել»:

Արտակի մահից հետո երկար ժամանակ հարազատները հայրիկի մահվան մասին Շուշանիկի հետ չեն խոսել, տանը նույնիսկ չկա հայկական օջախներում ընդունված պատին կախված մահացածի մեծ դիմանկարը: Շուշանիկը հիմա արդեն գիտի իրականությունը:

«Հոգեբանների միջոցով ասացինք կատարվածի մասին: Շուշանիկը հիմա գիտի՝ ինչ է կատարվել, ինչ է մահը, բայց գիտի, որ հայրը ոչ թե մահացել է, այլ անմահացել: Մենք հիմա էլ զգում ենք Արտակի ներկայությունը ու հիմա էլ նրա մեծ նկարը չկա տանը, փոխարենը՝ փոքր ընտանեկան լուսանկարներն են»,-ասում է Հեղինեն:

Արտակի մահից հետո Հեղինեն որոշել է այլևս լրատվությամբ չզբաղվել, այլ աշխատելով բարեգործական կազմակերպություններից մեկում, ոչ միայն նյութապես է օգնում կարիք մեջ գտնվողներին, այլ նաև իր իսկ սեփական փորձով ու խորհուրդներով ուժ  է տալիս այն կանանց ու մայրերին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հարազատին: «Սուգը պահեն իրենց մեջ, լացեն, երբ մենակ են, բայց, երբ փոքրիկներն են մեր կողքին, մենք սգալու ու դժգոհելու իրավունք չունենք: Ես նաև խորհուրդ եմ տալիս հատկապես ամուսիններին կորցրած կանանց աշխատել, եթե պետք է նաև նոր մասնագիտություն ձեռք բերելով, ինչը, ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական շատ խնդիրներ է լուծում»,-խորհուրդ է տալիս Հեղինեն՝ վստահեցնելով՝ լրագրողական 10 տարիներն իրեն ավելի են կոփել ու օգնել ավելի ուժեղ ու ինքնավստահ դառնալ:

Դստերը Հեղինեն այսօր էլ շարունակում է հայրենասիրական ոգով դաստիարակել: Ամուսնու՝ Արտակի երազանքն էր հայրենասեր զավակ ունենալը. «Այնպես չէ, որ հատուկ ենք նրան այդպես դաստիարակել, այլ  հավանաբար հորը տեսնելով է նաև այդպիսին: Հիմա էլ Արտակի մահից հետո էլ ավելի եմ նրա մեջ զգում հայեցի հպարտությունն ու պայքարող  տեսակը, որը հայրենասիրության մասին է խոսում»:

Շուշանիկը, բնականաբար, հիշում ու կարոտում է հայրիկին: Գիտի իրականությունն ու որ հայրիկը անմահացել է հանուն հայրենիքի, բայց ավելի հաճախակի դարձել է նրա՝ մայրիկին տրվող «ինչո՞ւ» հարցը՝ ինչո՞ւ իր հայրիկը:  Փորձում է իր մանկական պատկերացմամբ նաև հասկանալ իրականությունը, սակայն դա փորձում է այնպես անել, որ մայրիկը հանկարծ նորից չլացի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am