Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստը պետք է հիշել և չպետք է մոռանալ այդ ողբերգական իրադարձությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 «Մի կողմից դա ողբերգություն է,  որը տեղի է ունեցել այդ տարիներին, մյուս կողմից ՝ այս օրը հանդիսավոր է, քանի որ Խորհրդային բանակի զորքերն ազատագրեցին Օսվենցիմը: Այդ օրը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Դա մեծ դժբախտության է, որ տեղի է ունեցել մարդկության հետ: Հարցը նրանում է, որ այս ամենին նախորդել է Հայոց ցեղասպանությունը, որը չդատապարտվեց, որը մինչ օրս շատ երկրներ, այդ թվում , ցավոք, Իսրայելը չընդունեց: Մենք պետք է հիշենք և մենք հիշում ենք այն իրադարձությունների մասին, և եթե այսօր մենք չխոսենք այդ մասին, ապա ավելի սարսափելի իրադարձություններ կարող են հաջորդել»,- ասաց Վարժապետյանը:

Հայաստանի հրեական համայնքի նախագահը ընդգծեց, որ այսօր էլ ամբողջ աշխարհը լռում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների փաստով:

«Ամբողջ աշխարհը լռում է և մինչև այսօր չի դատապարտում Թուրքիային, չի դատապարտում Ադրբեջանին, վերաշարադրում է այն, ինչ տեղի է ունենում այսօր: Դա նրանից է, որ  մոռացել ենք և մոռանում ենք անցյալը»,- նշեց Վարժապետյանը:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հանգամանքներին Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը համոզմունք հայտնեց, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Խոսվել է դրա մասին Իսրայելում տարբեր գործիչների հետ, խոսվել է Քնեսեթում տարբեր կառավարական շրջանակի մարդկանց հետ և նրանք հասկանում են, որ արդեն ժամանակն է, որ Իսրայելը ընդունի Հայոց ցեղասպանությունը:  Իսրայելը հասկանում է, որ հայ ժողովուրդը այդ աղետով անցել է: Վստահ եմ, որ մոտենում ենք այդ հարցի հանգուցալուծմանը»,- ասաց Սմբատյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի հիշատակի օր: Օրը հատուկ է ընտրված` այն ֆաշիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկի` Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմ) ազատագրման օրն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի` Հոլոքոստի հիշատակման թանգարանի պաշտոնական կայքում նշվում է, որ ՄԱԿ-ը կոչ է անում իր բոլոր անդամ պետություններին հարգել նացիստական ռեժիմի զոհերի հիշատակը և հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով զարգացնել իրենց կրթական ծրագրերում ներառել տեղեկություններ Հոլոքոստի մասին:

Երուսաղեմում Հոլոքոստի հիշատակի թանգարանի` Յադ Վաշեմի «Արդարների» ցուցակում էլ ընդգրկված են 24 հայեր` Ալբերտ, Մաքրուհի և Բերտա Ղուկասյաններ, Հարություն Խաչատրյան, Գրիգորի, Պրան, Հասմիկ և Տիգրան Թաշչյաններ, Արթուր, Նատալյա և Ալմազա Քիշեշյաններ, Աշխեն Հակոբյան, Փիրուզա և Սարգիս Բաղդասարյաններ, Երվանդ և Էլբիս Բերկչյաններ, Արա Երեցյան, Ժորժ և Անդրե-Գուստավու Դիլսիզյաններ, Վարդան, Առաքել և Քնարիկ Մկրտչյաններ, Արամ և Ֆելիցիա Թաշչիյաններ:

Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ մեկ այլ բանաձև էլ ներկայացրել էր Հայաստանը: 2015թ. սեպտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։ Բանաձեւը, որը ներկայացվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, ընդունվեց կոնսենսուսով եւ արժանացավ ավելի քան 80 անդամ պետությունների աջակցությանը։ 

Դեկտեմբերի 9-ը պատահաբար չէ ընտրված. 1948թ. այդ օրը ՄԱԿ-ն ընդունել էր «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիան։ ՄԱԿ-ի ձեւակերպմամբ ցեղասպանությունը «հանցագործություն է, որն իրագործվում է ազգային, էթնիկական կամ կրոնական խմբի ներկայացուցիչ անդամների դեմ բացառապես այն պատճառով, որ նրանք այդ խմբի անդամ են հանդիսանում։ Ցեղասպանությունը նաեւ ենթադրում է որոշակի խմբի ոչնչացման մտադրությունը»։

Նոր բանաձեւը խրախուսում է պետություններին, միջազգային կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակությանը դիտարկել այդ միջազգային օրը, որպեսզի բարձրացվի 1948թ. ընդունված կոնվենցիայի մասին, նաեւ ցեղասպանության դեմ պայքարելու ու կանխարգելման հարցում վերջինիս դերի վերաբերյալ իրազեկության մակարդակը, ինչպես նաեւ ոգեկոչել ու հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am