Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշել են Սուրբ Պատարագով

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշել են Սուրբ Պատարագով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը հունվարի 6-ին նշվել է Սուրբ և Անմահ Պատարագով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Վիրահայոց Թեմից։

«Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի էին եկել և Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ Իզաբելա Օսիպովան, Կոբա Չոպլիանին, նախկին խորհրդարանականներ Դավիթ Ճիճինաձեն և Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Կրոնի գործակալության աշխատակիցներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ:

Վրաստանի հայ հավատացյալներին Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով շնորհավորել էին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, քույր եկեղեցիների և կրոնական կառույցների ղեկավարներ, բազմում բարձրպաշտոնյաներ և հասարակական գործիչներ:

Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունեց ներկաներին:

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:

Հավարտ Պատարագի Հայր Սուրբը անդրադարձ կատարելով պատմականորեն հավատակից ժողովուրդների հարաբերություններին, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությանը և հաշվի առնելով, որ այս գիշեր Վրաց Ուղղափառ Եկեղեցում տեղի է ունենալու Սուրբծննդյան տոնակատարություն, հանուն Վրաստանի հայ հավատացյալների և հոգևորականաց դասի շնորհավորեց Վրաց Եկեղեցու հավատացյալներին և հոգևորականներին Քրիստոնեական այս մեծ տոնի առիթով:

Հոգեշնոր Տեր Կիրակոս վարդապետի ձեռամբ Սբ. Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն՛ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների Խաչի կնքահայր դարձան Յուրի Երեմյանը և Գրիգոր Նալբանդյանը:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով տոնական Սուրբ և անմահ Պատարագներ մատուցվեցին և ջրօրհնեքի արարողություններ կատարվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին, Բաթումի Սուրբ Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում և հարակից գյուղերում, Քվեմո Քարթլիի, Ռուսթավիի, Մառնեուլի շրջանների գյուղերի հոգևոր տաճարներում:

Սուրբ Պատարագից հետո ամենուրեք կազմակերպվեց հյուրասիրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am