Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կվերականգնվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը

Կվերականգնվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական 
թատրոնի շենքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմին՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նախ երախտագիտություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ ստեղծված ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու և փոքրիկների համար ներկայացումներով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ մշակութային նման միջոցառումները լավագույն եղանակն են երեխաներին փոքր-ինչ դրական տրամադրություններ հաղորդելու համար: Նա հյուրերին է ներկայացրել հետպատերազմական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ բոլոր ջանքերն ուղղված են ինչպես զոհված, անհայտ կորած և գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու և հարազատներին վերադարձնելու, այնպես էլ անօթևան մնացած և սոցիալական տարբեր հարցեր ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Առհասարակ, մշակույթը հանրային կյանքում իր ուրույն և հոգեբանական առումով կարևոր դերն ունի: Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով վերանայվել են բազմաթիվ ծրագրեր, բայց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման ծրագիրը ամբողջ ծավալով կհաստատվի տարեսկզբին, և այն կվերականգնվի նախանշված ժամկետներում»,- ասել է ԱՀ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշել է, որ շատ տպավորված են Ստեփանակերտում թատրոնի վերականգնման նախագահի նախաձեռնությամբ, քանի որ առանց մշակույթի դժվար է պատկերացնել ազգի ապագան: Նավասարդյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար Արցախ այցելելու և թատերական ներկայացումներ բեմադրելու հարցում:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է նաև դերասաններին հուզող հարցերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am