Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համագործակցության հուշագրեր կնքվեցին Շիրակի մարզի գործատուների ու միջին մասնագիտական հաստատությունների միջև

Համագործակցության  հուշագրեր կնքվեցին  Շիրակի մարզի գործատուների ու միջին 
մասնագիտական հաստատությունների միջև

ԳՅՈՒՄՐԻ, 26  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզի գործատուների, միջին մասնագիտական  կրթության ու ուսուցման  (ՄԿՈՒ ) հաստատությունների  և  People  in Need   հասարակական կազմակերպության միջև կնքվեցին եռակողմ հուշագրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշագրերը նպատակ ունեն  մարզում տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստել ու վերապատրաստել: Համագործակցության հուշագրերը ստորագրվեցին դեկտեմբերի 26-ին՝  Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում:

Կողմերի միջև համագործակցությունն, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների  մանկավարժական կազմի կարողությունների զարգացման, նյութատեխնիկական բազայի համալրման և մյուս միջոցառումներն իրականացվում  են People  in Need   կազմակերպության  կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացքող «Անցում կրթությունից՝  աշխատաշուկա» ծրագրի շրջանակում: ««Անցում կրթությունից՝  աշխատաշուկա» ծրագիրը նպատակ ունի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել Շիրակի մարզի գործատուների ու ՄԿՈՒ հաստատությունների համար՝ պատրաստելով աշխատաշուկային համար մրցունակ մասնագետներ»,-իր խոսքում նշեց People  in Need   հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը: 

Ծրագիրը կարևորեցին նաև  ՀՀ  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության, կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը:  

Հանդիպման ընթացքում Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի  տնօրեն Ամալյա Ադամյանը տեղեկացրեց, որ ներկա պահին Շիրակի մարզում հաշվառված է 17 հազար աշխատանք փնտրող, նրանցից 15 հազարը Գյումրիում, մարզում նաև առկա  են թափուր աշխատատեղեր, ինչը վկայում է, որ մրցունակ կադրերի պահանջ ևս կա, հենց այս հարցում օգնության կգա   «Անցում կրթությունից՝  աշխատաշուկա» ծրագիրը:

Եռակողմ համագործակցության հուշագրեր կնքվեցին People  in Need-ի՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և Բանդիվան Կաթի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և Ամասիայի պանրագործարանի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Կումայրի կարպետ»-ի, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի և Աշոցքի պանրագործարանի և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գրին Բրոդերսի միջև:

Հաջորդ տարի նմանատիպ հուշագրեր տարբեր գործատուների հետ կստորագրեն Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանն ու Արթիկի պետական քոլեջը:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am