Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մարտին Իդեն», «Մանկ». կինոքննադատն առաջարկում է հետաքրքիր ֆիլմերի ուղեկցությամբ անցկացնել հանգիստը

«Մարտին Իդեն», «Մանկ». կինոքննադատն առաջարկում է հետաքրքիր ֆիլմերի 
ուղեկցությամբ անցկացնել հանգիստը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի տարածման ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ ստիպված էին ամիսներ շարունակ ժամանակն անցկացնել տանը, կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր և առօրյան լցնել այլ հետաքրքիր զբաղմունքներով: Առջևում ամանորյա արձակուրդներն են, որոնք նույնպես կարող են առիթ լինել հատկապես հարուստ բովանդակությամբ յուրահատուկ կինոնկարներ դիտելու համար:

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնք գուցե վրիպել են կինոարվեստի երկրպագուների աչքից:

«Մարտին Իդեն» (Martin Eden)

Ռեժիսոր Պիետրո Մարչելլոյի Ֆիլմը ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի ինքնակենսագրական բնույթ ունեցող համանուն վեպի էկրանավորումն է: Ռոմանտիկ դրամա է, որը փառահեղ խաղարկային դեբյուտային աշխատանք է թե՛ մասշտաբի, թե՛ մեկդարյա վաղեմության ժամանակաշրջանի կինեմատոգրաֆիկ վերականգնման, ինչպես նաև դպրոցական դասագրքերից թերևս ծանոթ սյուժեն բարձր կինոյին հատուկ լարվածությամբ և նրբությամբ ներկայացնելու առումով: Պիետրո Մարչելլոն 2011 թվականին նկարահանված «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմի հեղինակն է, որը ներկայացնում է համաշխարհային կինոյի հանճարներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի կինոարվեստը, նրա խոհերը:   

«Մարտին Իդեն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում: 

«Ներեցեք, մենք ձեզ չգտանք»  (Sorry We Missed You)

Ժամանակակից կինոյի իմ ամենասիրելի հեղինակներից մեկի՝ Քեն Լոուչի «Ներեցեք, մենք ձեզ չգտանք» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի Կաննի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմն առաջին անգամ մեծ էկրանին հայաստանցի կինոսերները հնարավորություն ունեցան դիտելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Նրանց, ովքեր բաց են թողել այդ հնարավորությունը, անպայման խորհուրդ եմ տալիս դիտել այն: Սոցիալական դրամայի մեծանուն վարպետ Քեն Լոուչն այս անգամ էլ հավատարիմ է իր կինոտեսակին և այս սոցիալական դրամայով, որում չեք գտնի  հատուկ էֆեկտներ, հոլիվուդյան կինոաստղերի, մասսայական տեսարաններ, մեծ բյուջե, վերստին ապացուցում է, որ տնտեսական աճերի և աղքատության հաղթահարման թվերի արձանագրումներն  այնքան էլ չեն առնչվում մեծ աշխարհի փոքր մարդկանց հետ: Նույնիսկ ամենաամուր ընտանիքը կարող է քայքայման վտանգի առաջ կանգնել բյուրոկրատիայի և սոցիալական խնդիրների պատճառով:  

«Քողարկված կյանք» (A Hidden Life)

Պետք է խոստովանեմ, որ «Կյանքի ծառը» ֆիլմից հետո ռեժիսոր Թերենս Մալիքից մեծ սպասելիքներ չունեի, և այդ միտքն ամրապնդվում էր հեղինակի յուրաքանչյուր նոր ֆիլմով մինչև որ դիտեցի «Քողարկված կյանք» կինոնկարը: Եթե դուք էլ եք նրա կինոարվեստի վերջին փուլի վերաբերյալ կասկածամիտ եղել կամ պարզապես ծանոթ չեք Թերենս Մալիք ռեժիսորին, ապա այս ֆիլմը դիտելը պարտադիր է: Պատերազմի և բռնության գաղափարաբանության առաջ մեն-մենակ մնացած մարդու դրաման չի կարող չհուզել, իսկ այն էսթետիկան, որը կտեսնեք այս ֆիլմում, հատուկ է միայն մեծ արվեստագետին: 

«Չիկագոյի յոթնյակի դատը»  (The Trial of the Chicago 7)

Ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և դրամատուրգ Ահարոն Սորկինի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է հրաշալի դերասանական կազմով՝ Սաշա Բարոն Քոհեն, Էդդի Ռեդմեյն և սուր ու դինամիկ սյուժեով: Ֆիլմը պատմում է Չիկագոյի հայտնի յոթնյակի դատավարության մասին: Խմբավորումը ԱՄՆ-ի պատմության մեջ հայտնի է Վիետնամի պատերազմի դեմ ցույցերի կազմակերպմամբ: Նրանց դատավարությունն Ամերիկայի պատմության ամենաամոթալի էջերից է: Ամենայն հավանականությամբ ֆիլմը մի քանի կարևոր անվանակարգերում «Օսկար»-ի կառաջադրվի: 

«Մանկ» (Mank)

«Մանկ»-ը 2020-ի ամենասպասված կինոպրեմիերաներից մեկն է: Ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի հերթական համագործակցությունն է «Նեթֆլիքս»-ի հետ: Կենսագրական դրամատիկ ֆիլմ է, որը պատմում է հոլիվուդյան կինոսցենարիստ Հերման Մանկևիչի (մարմնավորում է Գարի Օլդմենը) մասին: Նա աշխարհի լավագույն ֆիլմերի գրեթե բոլոր հայտնի ցուցակների առաջին հորիզոնականները զբաղեցնող,  «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի սցենարի հեղինակն է:  Եթե չեք դիտել Օրսեն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմը, ապա  լավ առիթ ու ազդակ է այդ կարևոր բացը լրացնելու համար: «Մանկ»-ը հրաշալի է ներկայացնում 30-ականների հոլիվուդյան կրքերը և Ամերիկայի քաղաքական կացությունը: Այս ֆիլմը ևս Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 93-րդ թողարկման հիթերից մեկը կդառնա: 

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am