Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայերը՝ եվրոպական ցինիզմի զոհեր. նոր կայսրությունները հաստատում են  սեփական կարգերը

Հայերը՝ եվրոպական ցինիզմի զոհեր. նոր կայսրությունները հաստատում են  սեփական 
կարգերը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը այցելել է Լեռնային Ղարաբաղ, որն ավերվել է Բաքվի սկսած պատերազմի պատճառով, եւ Հայաստան: Նա խոսում է իր տեսածի մասին եւ մտահոգություն հայտնում հայերի անվտանգության վերաբերյալ: Քաղաքական գործիչը եվրոպացիներին կոչ է անում դադարեցնել փոքրոգի լռությունը: Իր տպավորությունները նա ներկայացրել է «Le Figaro»-ում:

Դժվար է ասել, թե ինչն է ավելի ուժեղ՝ զայրո՞ւյթը, թե՞ տխրությունը: Արցախի Հանրապետության յուրաքանչյուր գյուղում աչքի են զարնում անորոշ տարիքի տղամարդիկ եւ կանայք: Ցավը փռվել է նրանց երեսներին, ինչպես Հայաստանի չոր լեռների վրա:

Ձյունածածկ ճանապարհներին մեքենաների շարքեր են, որոնցում կան հայ զինվորներ, գրեթե պատանիներ: Նրանց մեջքը թեքվում է պարտության ծանրության տակ, եւ կասկածի մշուշը խամրում է նրանց աչքերը: Տուն են մեկնում Լեռնային Ղարաբաղից: Պատերազմն ավարտվել է: Արցախի Հանրապետությունը կորցրել է իր տարածքի երեք քառորդը, որը վերահսկում էր 30 տարի շարունակ:

Դեմ հանդիման են ընթանում ռուսական բանակի զրահամեքենաները, իսկ ռուսական բանակը նոյեմբերի 10-ին ստորագրված հայերի ու ադրբեջանցիների զինադադարի պահպանման երաշխավորն է:

Երեւանի գերեզմանատանը թարմ գերեզմաններ են շուրջբոլորը, որքան աչքդ կտրում է: Գիշեր է: Օդում խունկի ծանր հոտ է: Գերեզմանները պատմում են մարտիկների անցողիկ կյանքի մասին, ովքեր շտապ մոբիլիզացվել են եւ դիմավորել իրենց մահը: 44 օր մարտեր: Մի ամբողջ սերունդ, որը կրում է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի, կասետային ռումբերի եւ սպիտակ ֆոսֆորի արյունոտ հետքը: Կենդանի մնացածները խոսում են անօդաչու թռչող սարքերի իրական անձրեւի, զորակոչիկներով լի բեռնատարների գնդակոծման մասին, ովքեր մահացել են՝ չհասցնելով կռվել: Նրանք վերապրում են խրամատներում գլխատված ու խեղված մարմինների մղձավանջային հիշողությունները: Դիակները մի քանի շաբաթ լքված էին, եւ այժմ մահացածների ինքնությունը կարելի է պարզել միայն ԴՆԹ անալիզի միջոցով:

Նրանք խոսում են ասիմետրիկ պատերազմի մասին, որում Արցախի Հանրապետության 150 հազար բնակիչները եւ միայն հայկական բանակը դիմակայել են Թուրքիայի աջակցությունը վայելող ադրբեջանական ուժերին, որոնք պատերազմական գործողություններին մասնակից են դարձրել Սիրիայի ու Լիբիայի ջիհադիստ վարձկաններին՝ ակտիվորեն կիրառելով նաեւ թուրքական եւ իսրայելական տեխնոլոգիաներ:

Արցախի նախագահը նոր հանդիպումներ ունի: Աշխատանքը չի կարող կանգնել: Մեր ընթրիքի ժամանակ նա միայն մեկ անգամ է իրեն թույլատրում թուլանալ, երբ հարցնում ենք, թե ինչպես է հաջողվում շարունակել հավատալ ապագային: Զինվորական համազգեստով նախագահը ձեռքերով ծածկում է դեմքը, ապա դանդաղ բարձրացնում աչքերը. «Պետք է համակերպվել եղածի հետ»: Հնչում է այնպես, ասես հայ ժողովուրդը սովոր է ողբերգության: 19-րդ դարի վերջին «կարմիր սուլթանի» կոտորածները, 20-րդ դարի սկզբին երիտթուրքերի ցեղասպանությունը, խորհրդային իշխանությանը ենթարկվելը, Ստալինի կողմից հայկական հողերի մի մասը ադրբեջանցիներին փոխանցելը, բնական աղետներն ու պատերազմները. ոչինչ չխնայեց հայ ժողովրդին: Եվ ինչպե՞ս նա դեռ չի զրկվել իր բոլոր արցունքներից:

Մայրաքաղաք Ստեփանակերտում ու արվարձանային գյուղերում ճնշող մթնոլորտ է, չնայած կյանքը վերադառնում է բնականոն հուն: Փախստականներն աստիճանաբար վերադառնում են: Քարագործներն ու աղյուսագործները քրտնաջան աշխատում են՝ պատերազմի սպիները բուժելու համար: Ծնողներն սպասում են ռազմաճակատ մեկնած երեխաներին, եւ երբեմն լիակատար անհայտություն է: Շատերը կորած են: Չափազանց շատ են զոհերը, որոնց ինքնությունը դեռ բացահայտված չէ: Կարմիր շուկա գյուղում մեկի հայրը դիմում է մեզ. հեռախոսով ցույց է տալիս իր որդու լուսանկարը՝ շրջապատված իր կնոջով եւ երկու դուստրերով: Ոչ ոք չի կարող նրան պատասխանել: Հույսի կրակը վառ պահելու համար սպան ասում է նրան, որ որդին կարող էր փախչել առաջնագծից: Անհանգստությունը խառնվում է նվաստացման հետ: Հայրը կոտրվում է: Նրա որդին երբեք չէր փախչի: Վիշտ ու զայրույթ: Նրանք դեռ կարո՞ղ են ինչ-որ բանի հույս ունենալ: Այս պատերազմում դարձել են անտարբերության եւ ցինիզմի զոհ: Անտարբերություն ԱՄՆ-ի նախագահական լարված արշավի պատճառով, ինչպես նաեւ եվրոպացիների կողմից, որոնք հայտնվել էին հայերին սատարելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու միջեւ: Այս ամենը դե ֆակտո թույլատրեց Ադրբեջանի նվաճումները:

Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին, ցույց է տվել, որ առաջին հերթին ձգտում է պահպանել միջնորդի իր կարգավիճակը: Էմանուել Մակրոնն արժանին չի մատուցել հայ ժողովրդի հետ ֆրանսիացիների դարավոր կապերին եւ սեփական չեզոքության պատճառով նույնիսկ չի հրավիրվել կրակի դադարեցման բանակցությունների սեղանի շուրջ…

Մերձավորարեւելյան այս նոր դրվագն ամրապնդել է Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքերը: Միջամտությունից առաջ Ռուսաստանի նախագահն Էրդողանին թույլատրել է առաջ շարժվել իր պանթուրքական եւ նոր սուլթանության ստեղծման ծրագրերի իրագործման մեջ: Պուտինը հույս ունի, որ ՆԱՏՕ-ում վեճերի թույնը կփլուզի այդ կազմակերպությունը, որն արդեն «ուղեղի մահ» է ապրում, ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Ի վերջո, հաստատելով իր սեփական խաղաղությունը՝ Պուտինն ապահովեց ռուսական բանակի ներկայությունը մինչեւ Ադրբեջանի սահմանները փռվող տարածքներում: Առանց մեկ կրակոց արձակելու՝ նա ուժեղացրեց իր ներկայությունը Կովկասում, եւ թուլացրեց ՆԱՏՕ-ն:

Դեկտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ժամանակ Էրդողանը պարզաբանեց իր ծրագրերը: Նա երկինք հասցրեց Էնվեր փաշայի «սուրբ բանակը» եւ հայտարարեց, որ իր դաշնակցի պայքարը չպետք է սահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով, այլ շարունակվի ընդդեմ Հայաստանի: Իր հերթին՝ Իլհամ Ալիեւը բարձրաձայնել է իր պահանջները Սյունիքի (Հայաստանի հարավում գտնվող շրջան), Սեւանա լճի եւ Երեւանի նկատմամբ:

Եվրոպացիները սխալ կգործեն, եթե վերջ չտան թույլ սրտով լռությանը: Ազգային ժողովը եւ Սենատը որոշումներ ընդունեցին, որով կառավարությունից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը: Ֆրանսիան պետք է արտահայտվի: Բազմակողմ համակարգի թուլացումը, ԱՄՆ-ի ռազմական ներկայության նվազումը եւ արձագանքի բացակայությունը, բացի զայրացկոտ մամուլի հաղորդագրություններից, պայմաններ են ստեղծել հակամարտությունների կարգավորման նոր ձեւերի համար: Նոր կայսրությունները հաստատում են իրենց սեփական կարգերն իրենց միջավայրում եւ ծաղրում հին ազգերին: Ազդեցության քարտերը կրկին բաժանվում են: Մեր աչքի առաջ գրվում է նոր միջազգային իրավագիտություն, քանի դեռ եվրոպացիները կհեռացնեն հայացքն այն ամենից, ինչ կատարվում է: Երեկ դա քրդերի հետ էր, այսօր` հայերի: Դեռ էլի քանի՞ ազգ ստիպված կլինի վաղը կիսել իր վիշտը եւ զայրույթը:

 Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]