ԿԲ-ն չի վերանայել տնտեսական անկման վերաբերյալ կանխատեսած տարեկան ցուցանիշը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ցածր տնտեսական ակտիվությունն ու թույլ ներքին պահանջարկը չորրորդ եռամսյակում կպահպանվեն, սակայն չի վերանայում տնտեսական աճի վերաբերյալ իր գնահատականները. Այսպիսով՝ ԿԲ-ն 2020-ի համար կանխատեսում է ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոս անկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:
«ԿԲ կանխատեսումների համաձայն՝ երրորդ եռամսյակում Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 9.1 տոկոս տնտեսական անկում, ինչը ձևավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին»,-ասաց Գալստյանը:
Չորրորդ եռամսյակում ԿԲ գնահատականների համաձայն՝ ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի՝ Հայաստանում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաև նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով պայմանավորված:
«Մյուս կողմից ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում՝ 2020-ի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները մենք չենք վերանայել»,-ասաց Գալստյանը:
ՀՀ կենտրոնական բանկը, պատերազմի և կորոնավիրուսի բաձր տեմպով տարածմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի վերջին վերանայել էր դեռ սեպտեմբերին կանխատեսած ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկման ցուցանիշը՝ կանխատեսելով շուրջ 7 տոկոս անկում: