Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համաշխարհային օպերային արվեստի իրական լեգենդը. Նաեւ նրանով աշխարհը ճանաչեց հային ու Հայաստան երկիրը

Համաշխարհային օպերային արվեստի իրական լեգենդը. Նաեւ նրանով աշխարհը 
ճանաչեց հային ու Հայաստան երկիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգը իմ կյանքի գլխավոր իմաստն է, իմ գոյության նպատակը, եւ ես ապրում եմ միայն հանուն իմ արվեստի: Իմ կարգախոսն է՝ ոչ թե զարմացնել, այլ՝ հուզել մարդկանց»:

Գոհար Գասպարյան

Անցյալ դարի 40-ականների վերջերին դասական երգի մի ամբողջ համաստեղություն էր փայլում միութենական բեմերում՝ Պավել Լիսիցյան, Տաթեւիկ Սազանդարյան, Զառա Դոլուխանյան, Հայկանուշ Դանիելյան, Ավագ Պետրոսյան, Շարա Տալյան, որոնց հետ համեմատությունը իր՝ Գոհար Գասպարյանի համար մեծ պատիվ էր, սակայն այդ բոլոր երեւելիները անմիջապես  եւ ակնածանքով են գնահատում նրա տաղանդը որպես բացառիկ, եւ ճանաչում նրա առաջնությունը: Ասվածի վկայությունն են Զառա Դոլուխանյանի հիացական խոսքերը. «Նման տիտաններ, ինչպես Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք թվում է, թե անհնար է կատարել, նրա կատարմամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է, որը մի քանի համաստեղություն արժե…»: Իսկ հանճարեղ «Անուշ» օպերայի հեղինակ Արմեն Տիգրանյանը, լսելով գլխավոր հերոսուհու դերերգը, իմանալով, որ երգչուհին Եգիպտոսից է եկել, չի կարողանում թաքցնել իր զարմանքը. «Աստված իմ, որտե՜ղ Նեղոսը, որտեղ՝ Դեբետը…Այս աղջիկը այնպես է երգում, որ ես Դեբետի ջրերի ձայնն էի առնում: Հրա՜շք է, հրա՜շք…»:

Իսկ նա ծնվել էր հեռավոր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, ծնվել էր ժամանակից երկու ամիս շուտ՝ վախ ու տագնապ հարուցելով ծնողներին, հարազատներին, որ դժվար թե ապրի, չէ որ այն ժամանակների բժշկությունն այսօրվա զարգացածությունն ու հնարավորությունները չուներ: Միակ հուսադրողն ու ապագան գուշակողը տատն է եղել. «Տեսեք՝ ի՜նչ լույս է ճառագում մատիկներից…Կապրի եւ բոլորիս հպարտությունը կդառնա»,- այսպես էր մարգարեացել նա: Մարգարեացել էր, իսկ մահմեդական այդ քաղաքը, որ իր մեջ խտացնում էր արեւելքի գույները, հնարավորություն է ընձեռում, որպեսզի հայ աղջնակը կարողանա դրսեւորել իր բնատուր տաղանդն ու դպրոցն ավարտելուն պես ընդունվի կոնսերվատորիա եւ պատշաճ երաժշտական կրթություն ստանա բարձրակարգ այս հաստատությունում: Այստեղ նրան դասավանդում եւ ձայնի մշակմամբ զբաղվում են եվրոպացի ճանաչված պրոֆեսորներ Ֆելդմանը եւ Գառոն, որոնց բախտ էր վիճակվել աշխատել ձայնային բացառիկ դիապազոն ունեցող սանի հետ: Նրա ձայնը շփոթել կամ համեմատել ուրիշ որեւէ մեկի հետ, անհնարին էր: Նրանք հավատացած էին, որ այդպիսի չքնաղ ձայնով աղջկան փառահեղ ապագա է սպասում: Եվ առաջին հաջողությունները երկար սպասեցնել չեն տալիս:

Հենց ուսումնառության տարիներին էլ սկսում է հանդես գալ մենահամերգներով, մինչեւ 1948 թվականը դրանց թիվն անցնում էր 100-ից: Եգիպտական մշակութային հաստատությունները, մեկը մյուսին հերթ չտալով, ջանում էին պայմանագրեր կնքել երիտասարդ երգչուհու հետ:  Այդպես նա շուտով դառնում է Եգիպտոսի ռադիոյի մեներգչուհին: Ռադիոյի ղեկավարությունը, բացառության կարգով, խախտում է սեփական կանոնադրությունը, ըստ որի՝ այստեղ մեներգիչներ կարող էին լինել բացառապես  մահմեդականները: Ամեն ինչ գերազանց էր, թվում էր նրան կյանքում այլեւս ոչինչ պետք չէ: Սակայն գալիս է 1948 թվականը, երբ սփյուռքահայերը հնարավորություն են ստանում վերադառնալ մայր հայրենիք:

Նրանց ընտանիքը եւս պատրաստվում է տունդարձի, բայց քանի որ նրա հայրը՝ Միքայել Խաչատրյանը, բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի դիվանագիտական կորպուսում եւ համարվում էր արժեքավոր մասնագետ, արգելում են լքել Եգիպտոսը: Նրան միայն Ստալինի միջամտությամբ եւ ուշացումով է հաջողվում վերադառնալ Հայաստան: Իսկ Գոհարը արդեն հիվանդ էր հայրենիքի կարոտով եւ ձգտում էր օր առաջ հասնել հեքիաթային իր երկիր: Եվ որպեսզի միայնակ չմեկնի, տեղի տալով ծնողների հորդորին, ամուսնանում է Լոնդոնի համալսարանի շրջանավարտ Հայկ Գասպարյանի հետ: Սա ամուսնություն էր առանց սիրո: Հետագայում երգչուհին հանդիպելու էր ճակատագրով իր ընտրյալին՝ հայ օպերային արվեստի մեծ երախտավորներից մեկին՝ Տիգրան Լեւոնյանին, որի հանդեպ մեծ սերն էլ ստիպելու էր ապահարզան խնդրել Հայկից… Ճակատագրական մի քայլ, որն ամբողջ մի կյանք առիթ էր դառնալու չարախոսությունների, բամբասանքների ու հերյուրանքների…

Գալով Հայաստան՝ Գոհար Գասպարյանն ինքնամոռաց նվիրումով անցնում է գործի: 1949 կայանում է նրա առաջին ելույթը Լաքմեի դերում: Մամուլն արձագանքում է. «Հայ օպերային բեմը երբեւէ ծանոթ չի եղել նման հրաշքի: Սա հեղաշրջում է հայ օպերային արվեստում: Մարդիկ հիպնոսացած են, չեն հավատում իրենց լսածին…»:

Մի քանի տասնամյակ անց, հայկական օպերային թատրոնը, շնորհիվ Գոհար Գասպարյանի, առանց վախի ու տատանման, շարունակելու էր բեմադրել ու ներառել համերգային իր ցանկի մեջ համաշխարհային օպերային արվեստի ամենաբարդ ու շքեղ գործերը: Այդ ժամանակահատվածում օպերային ելույթներին զուգահեռ նա հանդիսատեսին էր ներկայացնելու նաեւ ֆրանսիացի, գերմանացի, իտալացի կոմպոզիտորների շուրջ 500 վոկալային փոքրածավալ գործեր, երգեր, ռոմանսներ: Հայրենապաշտ արվեստագետի երգացանկում առանձնակի տեղ էին զբաղեցնում հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Իսկ նախկին միությունում նրա համբավը սկսել էր տարածվել հիսունականների սկզբին, երբ առաջին անգամ հյուրախաղերով մեկնել էր Ռուսաստան: Ռուսները  ցնցված էին: «Հայաստանի սոխակը», ինչպես Գ. Գասպարյանին բնութագրել էր մեծն Ավետիք Իսահակյանը, ցնցել էր հանդիսատեսին եւ համարվել նոր մեգա-աստղ օպերային արվեստի երկնակամարում: Նրա յուրաքանչյուր ներկայացում կամ համերգ աննախադեպ իրադարձություն էր հյուրընկալ քաղաքի կամ հանրապետության համար:

Այդ են վկայում տոմսերի համար գոյացած հերթերը, հիացմունքից որոտացող դահլիճները: Իսկ որոշ իրողություններ ու դեպքեր պարզապես լեգենդի են նման: Այդպիսի մի դեպք տեղի է ունեցել Թբիլիսիում. համերգից հետո, հուզված երկրպագուների բազմությունը, ի նշան մեծարման, վճռում է երգչուհուն սպասարկող մեքենան ձեռքերի վրա տանել օպերային թատրոնից մինչեւ հյուրանոց: Ինչպես ժամանակակիցներն են վկայում՝ սա լեգենդ չէ, այլ՝ իրողություն: Այդ ժամանակաշրջանում երգչուհին ողջ միության հպարտությունն էր, համաշխարհային չափանիշների մեծություն, այն եզակիներից, որին թույլատրում էին ելույթներ Արեւմուտքում՝ ապացուցելու համար, թե որքան բարձր է մեր մշակույթը կապիտալիստականից: Այդպես սկսվում է օպերային արվեստի աստղի հաղթարշավը մոլորակով մեկ:

Հավելենք, որ նրա համերգային երգացանկում մշտապես տեղ են ունեցել հայ ժողովրդական ու հեղինակային երգերը, որոնց միջոցով հանճարեղ հայուհին օտար լսարանները հաղորդակից էր դարձնում հայ հոգեւոր մշակույթին եւ որոնցով հայաստանյան արեւի մի կտոր էր հասցնում հեռավոր եզերքներում ապրող  մեր հայրենակարոտ արյունակիցներին… Իր երկարամյա ստեղծագործական գործունեության ընթացքում նա նվաճել է արտիստի համար բոլոր հնարավոր եւ անհասանելի կոչումներն ու տիտղոսները եւ մնացել որպես օպերային բեմի իրական լեգենդ…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am