Արցախից արձակուրդ եկած զինծառայողներին ծափերով դիմավորեցին հավաքակայանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակում ծառայող և Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինվորներին ծափողջույններով դիմավորեցին Երևանի կենտրոնական հավաքակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զինծառայողները 10 օրով արձակուրդ են ստացել ու առաջիկա օրերը կանցկացնեն իրենց հարազատների հետ:
Հավաքակայանի դիմաց իրենց զինվորներին սպասող ծնողներն ու հարազատները մինչ տղաների ժամանելը պատմում են նրանց հերոսությունների մասին, սակայն պատերազմի միջով անցած տղաներն այս հարցում առավել քչախոս են:
«Ջաբրայիլից մինչև Շուշի բոլոր տեղերում եղել եմ: «Արիության մեդալ»-ի եմ արժանացել»,- ասաց զինծառայողներից մեկը, սակայն համեստորեն չցանկացավ ներկայանալ ու մանրամասներ ներկայացնել, թե կոնկրետ ինչ սխրանքի համար է արժանացել մեդալի:
Հակոբյան Վլադիմիրն արդեն 1 տարի և 8 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի նկատմամբ: Պատերազմի մեկնարկի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Վլադիմիրն արդեն հակառակորդի մեկ տանկ է խոցել:
«Հակատանկային դիվիզիոնում եմ ծառայել: Կրտսեր սերժանտ եմ, ֆագոտի հրամանատար: Սեպտեմբերի 28-ի առավոտյան եմ տանկ խփել, մեր մարտկոցը հակառակորդի մոտ 30 տանկ է ոչնչացրել»,- ասաց Վլադիմիրը:
Կարճատև արձակուրդից հետո տղաները կվերադառնան Արցախ՝ շարունակելու իրենց զինվորական ծառայությունը: