Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանը հորդորում է գնահատել այն փաստը, որ եռակողմ համաձայնագրի շնորհիվ նոր զոհեր չեն լինի

2 րոպեի ընթերցում

Տեր-Պետրոսյանը հորդորում է գնահատել այն փաստը, որ եռակողմ համաձայնագրի շնորհիվ նոր զոհեր չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագիրը պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ:

«Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին: Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է:

Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում