Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են ձեզ համար. Լաքոտը հանդիպեց և լսեց հադրութցիներին

Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են ձեզ համար. Լաքոտը հանդիպեց և լսեց 
հադրութցիներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութի բնակիչները հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ դեսպանությանը փոխանցելու նամակ՝ ակնկալիքով, որ բարեկամ Ֆրանսիան կաջակցի հայկական կողմին՝ հատկապես Հադրութը վերադարձնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանատան դարպասներին անձամբ մոտեցավ դեսպան Ժոնաթան Լաքոտը, դարպասներից ներս հրավիրեց հավաքված հադրութցիներին ու դեսպանատան բակում լսեց նրանց:

Հադրութցիները հիշեցրին, որ Հադրութը ֆրանսիական քույր քաղաքներ ունի: «Հադրութը երբեք չի համակերպվելու, որ լինի ադրբեջանական: Հադրութը պատմականորեն չի կարող լինել ադրբեջանական: Ձեր պետությունը վկայել է այդ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին և չի կարող Հադրութը թողնել նրանց բարբարոսությունների ներքո: Մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-ասաց հադրութի բնակիչ Մերի Դավթյանը:

Դեսպանն իր հերթին արձագանքեց՝ շատ ուրախ է նամակը ստանալու համար: «Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է: Մենք միշտ կբացենք դեսպանատունը, որ դուք միշտ արտահայտվեք, խոսեք, ներկայացրեք ձեր խնդիրները»,-ասաց նա:

Դեսպանը նշեց՝ գիտեն, որ Հադրութն այս կոնֆլիկտի արդյունքում ամենաշատ տուժած տարածքներից է, գիտեն նաև, որ Հադրութի ժողովուրդը ևս ամենատուժածներից է: Դեսպանի խոսքով՝ գիտեն, որ հայտարարության ստորագրության հետ կապված շատ հարցեր կան: «Մեր առաջնահերթությունն է աջակցել այն մարդկանց, որոնք այս կոնֆլիկտի արդյունքում տուժել են»,-ասաց Լաքոտն ու տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանում ներգրավված ՀԿ սեկտորի հետ՝ հասկանալու, թե որը կարող է լինել Ֆրանսիայի օգնությունը այդ հակամարտությունից տուժածներին:

Դեսպանը նաև հիշեցրեց Մակրոնի հայտարարությունն առ այն, որ ինչ էլ կատարվում է, հայերի շահերը պետք է պաշտպանվեն, հաշվի առնվեն:

Հադրութցիները շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան բանակցություններում կաջակցի՝ հատկապես Հադրութի հարցում:

Հադրութցի Մերի Դավթյանը, լրագրողների հետ զրույցում մանրամասնելով իրենց հավաքի նպատակը ու հատկապես Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքվելը, ասաց. «Հադրութը պետք է դեօկուպացնել ադրբեջանական ահաբեկչական երկրից: Հադրութը չի կարող լինել ոչ հայկական: Հայտնի խոսք կա՝ եթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը դրա ադամանդե ակն է: Հադրութցիները հավաքվել են ոչ թե իրենց բողոքը, այլ պահանջը ներկայացնելու»:

Նա հույս հայտնեց, որ բարեկամ Ֆրանսիան ինչ-որ կերպ կօգնի վերախմբագրել փաստաթուղթը՝ հատկապես Հադրութի մասով:

Լրագրողների հետ զրույցում դեսպանն էլ հիշեցրեց, որ Ֆրանսիան ուսումնասիրում է ձեռք բերված համաձայնությունը: Դեսպանի կարծիքով՝ դրա դրական կողմն այն է, որ զինադադար է, քաղաքացիական անձինք, զինվորներ չեն մահանում, տուժում, բայց այդ փաստաթուղթը շատ հարցեր է առաջացնում՝ այդ թվում տարածաշրջանի անվտանգության համար: Լաքոտը մեկ անգամ ևս շեշտեց Մակրոնի խոսքը՝ կպայքարեն Հայաստանի շահերի պաշտպանության համար:

Այսպիսով հադրութցիների ակցիան Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ավարտվեց, նրանք շարժվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ