ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում բազմաթիվ պայթյունների ձայներ են լսվել: Ինչպես տեղից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, օդային տագնապի ազդանշանը միացված է:
18:19 - Օդային տագնապի ազդանշանն ավարտվել է:
18:41 - Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նախնական տվյալներով կա մեկ վիրավոր: Մայրաքաղաքի բնակելի թաղամասերին հարված է հասցվել120 մմ ականանետից, քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ:
20:04 -«Արմենպրես»-ի թղթակցի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարևան շենքերից մեկի ռմբապաստարանում:
«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է նաև, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաև պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ և որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:
20:59 - Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը:
21:06 - Օդային տագնապի ազդանշանն անջատվեց: