Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել

Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Արցախում 8 քաղաքացիական 
անձ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր: 36 զոհերից 20-ը սպանվել է իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ, թիրախային ու դիտավորյալ հարձակման հետևանք է եղել: Բնակության վայրը ենթադրում է, որ քաղաքացիական օբյեկտ է: Ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ օդուժ, որի միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ թիրախի են հարվածում: Մենք ենթադրում ենք, որ բազմաթիվ դեպքերում թիրախային, դիտավորյալ հարվածներ են հասցվել քաղաքացիական բնակչությանը: Հոկտեմբերի 10-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, որի հետևանքով 8 քաղաքացիական անձ սպանվել է, երեկ և այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորել, երեքը` Շոշ գյուղում, երեքը` Ստեփանակերտում: Երկու դեպքում էլ ակնհայտ թիրախավորվել են բացառապես բնակելի հատվածները»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ զոհված 36 անձանցից 8-ը կին է, 28-ը` տղամարդ, որոնցից մոտ կեսը 50-ից բարձր տարիքի է:

«Վիրավորներից 95-ը լուրջ վիրավորում է ստացել, 20-ը` թեթև: Նրանցից 18-ը կանայք են, 77-ը` տղամարդիկ: Վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրում, հասարակական վայրերում և ավելի անվտանգ վայր տեղափոխվելիս»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը Զինված ուժերը լայնածավալ թիրախավորման է ենթարկել Արցախի ավելի քան 130 բնակավայր` հարավից մինչև հյուսիս:

«Հարվածների հետևանքով մոտ 7800 անշարժ գույք է վնասվել, 1310-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի շարժական գույք: 1310 ենթակառուցվածքների մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգերը, կենտրոնները, կայանները, ցանցերը, կապի և հաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, տրանսպորտային ոլորտի ենթակառուցվածքները, ներառյալ կամուրջները: Թիրախավորվել են հանրային նշանակության շինությունները` դպրոց, մանկապարտեզ, հոգևոր կենտրոններ, մշակութային կենտրոններ, գործարաններ և այլն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս հրետակոծությունների, հրթիռակոծությունների ու ռմբակոծությունների արդյունքում մի խումբ արցախցիները ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել Արցախի այլ բնակավայրեր կամ Հայաստան:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]