Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա անցկացվեց Արցախում իրավիճակն անուշադրության չմատնելու պահանջով

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա անցկացվեց Արցախում իրավիճակն 
անուշադրության չմատնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա կազմակերպեցին` պահանջելով անտարբեր չլինել Արցախում տեղի ունեցող դեպքերին ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցների համար անհասկանալի է, թե ինչու է լռում ՄԱԿ-ը, երբ հակառակորդը սպանում է հայ գերիներին և տեսանյութերն ու լուսանկարները տարածում համացանցում որպես պարծանք:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Ակցիայի մասնակիցներից մեկը ցուցադրեց ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների մասին վկայող լուսանկարներ:

«Համայն աշխարհին պետք է ցույց տանք, թե ինչպիսի վայրագություններ են կատարվում մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս լուսանկարը տարածվել է ադրբեջանական կայքերում։ Նրանք հպարտանում են հայ զինվորի նկատմամբ իրականացված վայրագությամբ։։ Սա 2016 թվականի նույն ձեռագիրն է, ՄԱԿ-ի կողմից որեւէ արձագանք տեղի չունեցավ՝ չնայած բազմաթիվ փաստարկների, որ ադրբեջանական կողմը հայ գերիների, հայերի դիերի 90 տոկոսի նկատմամբ իրականացնում է անարգում եւ խոշտանգում։ ՄԱԿ-ի ներկայացուցչին պետք է ցույց տանք այս նկարը եւ իրեն ստիպենք այս նկարով հանդես գալ ՄԱԿ-ում»,- նշեց նա:

Ակցիային մասնակցեց նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ով նշեց, որ տարիներ շարունակ համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ հավատալով, թե վերջինս իսկապես մտահոգ է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, սակայն այժմ ականատես է լինում ՄԱԿ-ի անտարբերությանը:

«Ես անկեղծորեն հավատացել եմ, որ իրենք շատ շահագրգիռ են մեր հայ մանուկների կրթության իրավունքը պատշաճ իրականացնելու համար, իսկ հիմա ես խորապես ափսոսում եմ այն բանի համար, որ այն, ինչ տարիներ շարունակ արել ենք իբրև հայ մանուկների կրթության իրավունքի իրացման համար, հօդս է ցնդում, որովհետև այսօր հայ երեխաները Արցախում զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հայ երեխաների դպրոցները ռմբակոծվում են: Ինչ է ստացվում՝ այն տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում էր մեր երեխաների կրթության իրավունքներն իրականացնել, իսկ այսօր լռում է, պապանձվել է, այսօր անգամ չի արձագանքում այն բոլոր օրհասական դրվագներին, որ կատարվում են Արցախում ու նույնիսկ  Հայաստանի տարածքում»,- հայտարարեց Բախշյանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից մեկը մոտեցավ ակցիայի մասնակիցներին և ասաց, որ չի կարող պատասխանել հարցերին, իսկ համակարգողը տեղում չէ:

Մասնակիցները արձանագրեցին, որ այս քայլը հերթական անգամ փաստում է, որ միջազգային կառույցները լուռ են և անտարբեր Արցախում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am