Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքագետը միջազգային հանրության կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է ակնկալում

Քաղաքագետը միջազգային հանրության կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է 
ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նարեկ Գալստյանն ակնկալում է, որ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի դեմ միջազգային հանրությունը տնտեսական և ռազմական պատժամիջոցներ կկիրառի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ դրանով միջազգային հանրությունը ցույց կտա, որ հավատարիմ է իր հայտարարած սկզբունքներին:

«Երբ միջազգային հանրության համար ակնհայտ դարձավ, որ Թուրքիան ներգրավված է, քաղաքական դատապարտումներ եղել են, բայց այդ դատապարտումները մեզ ոչինչ չեն տալիս: Առնվազն պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ, առաջին հերթին տնտեսական էմբարգո և ռազմական էմբարգո: Սա առանց այդ էլ Թուրքիայի այս պահին լարված տնտեսության համար նշանակալի հարված կլինի: Դրանով միջազգային հանրությունը կարող է ցույց տալ, որ իր հայտարարած սկզբունքներին հավատարիմ ու համահունչ է մնում: Սա նվազագույնն է, որ պետք է ակնկալել միջազգային հանրությունից, որովհետև հայտարարություններ, դատապարտումներ, մեղադրանքներ արդեն հնչել են»,- ասաց Գալստյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան, Գալստյանը նշեց, որ դա ակնհայտ հարձակում և ագրեսիա է միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքի նկատմամբ:

«Սա, իհարկե, ակնհայտ հարձակում է, ագրեսիա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Բնականաբար, Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա, չգիտեմ, թե ինչպես են մերոնք պատասխանը պատկերացնում, բայց վստահ եմ, որ պատասխանը կլինի: Բացի բուն ՀՀ տարածք լինելուց սա նաև պաշտպանված է Հայաստան-Ռուսաստան երկկողմ և ՀԱՊԿ շրջանակում բազմակողմ փոխադարձ օգնության պայմանագրերով: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ հարցը միայն ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունը չէ: Մնացածն արդեն պետք է տեսնել ժամանակի ընթացքում: Մի քանի օր առաջ ևս այդպիսի ոտնձգություններ եղել էին և ընդամենը միջազգային հանրությունը բավարարվել էր կողմերին հանդարտեցնող ինչ-որ կոչերով»,- նշեց Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետի խոսքով` այժմ գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ Արցախի անկախությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից և միջազգային հանրությունն Արցախը ճանաչի, որպես տարածք, որը չի պատկանում Ադրբեջանին:

«Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն անհրաժեշտ քայլ է, բայց առավել կարևոր է միջազգային հանրության կողմից ճանաչումը, այն առումով, որ դա հնարավորություն կտա Արցախին նաև միջազգային իրավունքի տեսանկյունից որոշակի սուբյեկտայնություն ձեռք բերել: Գուցե այդ պետությունները, որոնք կճանաչեն, նաև Արցախի հետ ինչ-որ հատուկ պայմանագրեր կնքեն, որը կարող է ազդել ներկայիս գործընթացների վրա: Մեր գլխավոր նպատակն այն է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանից անկախ տարածք, միջազգային հանրությունն ընդունի, որ այդ տարածքը չի պատկանում Ադրբեջանին»,- ասաց քաղաքագետը:

Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Արցախի հոսպիտալներից մեկը. «Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալը  միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am