Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Էստոնիայի հայ համայնքը խաղաղության քայլերթ է անցկացրել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի

Էստոնիայի հայ համայնքը խաղաղության քայլերթ է անցկացրել ի պաշտպանություն 
Լեռնային Ղարաբաղի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի հայ համայնքը Տալլինում խաղաղության քայլերթ է անցկացրել` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին քայլերթի կազմակերպիչները:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի և Հայաստանի վրա: Ինչպես փաստերով ապացուցված է, հարձակումը եղել է մանրակրկիտ պլանավորված և համակարգված Թուրքիայի աջակցությամբ: Հոկտեմբերի 12-ին` Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար հանդես գալով, Էստոնիայի հայ համայնքը Տալլինում կազմակերպել է խաղաղության քայլերթ, որը մեկնարկել է հայկական եկեղեցու մոտակայքից և ավարտվել Խաղաղության հրապարակում: Ակցիայի նպատակն էր խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում կանգնեցնել ահաբեկչությունն ու ռազմական հանցագործությունները հայերի նկատմամբ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք տվյալ պահին իրենց պատմական հողում պայքարում են իրենց ապրելու ու ինքնորոշման իրավունքի համար: Խաղաղ քայլերթով մենք ողջ աշխարհի մարդկանց կոչ ենք անում ավելի ակտիվ գործողությունների»,- ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով` իրենք ոչինչ չունեն ադրբեջանցիների դեմ, ավելին` իրենք չենք մեղադրում նրանց: Իրենք դեմ են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը:

«Մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության կողքին: Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է արդեն 17 օր, ինչի հետևանքով երկու կողմերն էլ արդեն մեծ կորուստներ են կրել: Թուրքիան ուղղակի ներգրավված է հակամարտությունում, աջակցելով Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ պատերազմում, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից: Արցախի Պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Հայերը պայքար են մղում միջազգային ահաբեկչության դեմ` իրենց գոյության համար: Միայն Արցախի միջազգային ճանաչումը կարող է կանխել փոքր ազգի ոչնչացումը, քանի որ այդ ժամանակ գործի կդրվեն իրավական մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են իրավիճակի կայունացման համար: Իսկ մինչ այդ 17-րդ օրն անընդմեջ 18-20 տարեկան երիտասարդներ են զոհվում պատերազմում խաղաղության համար, կյանքը վայելելու փոխարեն: Նրանք զոհվում են հայրենիքը պաշտպանելով»,- նշում են քայլերթի կազմակերպիչները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը:

Լուսակնկարները՝ Մհեր Համբարձումյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]