ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և սիրիացի լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի համար վաղուց կրոնական գունավորում է ստացել: Ջուման այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու փաստին:
«Ես տեսել եմ, թե ինչպես են տարեցները Շուշիի եկեղեցում լաց լինում, բռնվում պատերից և աղոթում: Ես հասկացա, որ նրանց համար դա սովորական վայր չէ, որտեղ նրանք կարող են աղոթել, դա ավելին է, խորհրդանիշ է, երկրորդ տուն է: Ընդ որում, բոլոր հայերի համար, ոչ միայն ղարաբաղցիների, այլև նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանում, նույնիսկ այլ երկրներում: Դա շատ կարևոր եկեղեցի է ողջ հայության համար: Իհարկե, ես շատ ցավում եմ, որ այս հակամարտությունը սկսում է կրոնական գունավորում ստանալ: Ադրբեջանցիների կողմից այն վաղուց է նման գունավորում ստացել: Ես դա տեսնում եմ սոցիալական ցանցերում առկա հռետորաբանությամբ: Շատերն Ադրբեջանում սա ընկալում են, որպես իսլամի համար կռիվ»,- ասաց Ջուման:
Լրագրողը նշեց, որ Հայաստանում մինչ օրս նման տրամադրություններ չի տեսել:
«Հայերի համար սա կրոնական պատերազմ չէ»,- նշեց լրագրող-միջազգայնագետը:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Սոցիալական ցանցերում հրապարակվել են լուսանկարներ, որոնք վկայում են ավերվածությունների մասին:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:
Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: