Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Միլիտոնյանը սփյուռքահայ գրողներին կոչ է անում ստեղծագործություններով պատմել Արցախի մասին

Էդվարդ Միլիտոնյանը սփյուռքահայ գրողներին կոչ է անում ստեղծագործություններով 
պատմել Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հորդորում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող և գործունեություն ծավալող գրողներին համախմբվել և հրապարակախոսական, գեղարվեստական և այլ նյութերի, ինչպես նաև  տեղեկատվական ակցիաների միջոցով աշխարհի հանրությանը պատմել ճշմարտությունը Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

Միլիտոնյանը վստահ է, որ Ադրբեջանին սատարում է Թուրքիան, որը մշտապես նվաճողական քաղաքականություն է վարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդվարդ Միլիտոնյանը համացանցում հրապարակած տեսանյութում նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր ելույթներում  թաքնված է նվաճողականությունը: «Հարյուրավոր տարիներ նրանք նվաճողական քաղաքականություն են իրականացրել և 21-րդ դարում՝ իբր քաղաքակիրթ ժամանակներում, նույն կերպ շարունակում են և գիտեն, որ ամեն նման սրված իրավիճակում կլինեն նաև եվրոպական պետություններ, որոնք ինչ-որ պահի  իրենց կողքին կկանգնեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը: Թուրքիան, այդ շահերի վրա խաղալով, բազմիցս փորձել է և հաճախ նրան հաջողվել է նվաճել իր հարևան պետությունները»,-շեշտում է միության նախագահը:

Միլիտոնյանը նշում է՝ երբ հետևել է ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի շրջանակում իրականացված քննարկումներին, իր մտքով անցել է, որ, եթե Թուրքիան Միջերկրածովյան ավազանում բախումներ չսկսի, պիտի գտնի առավել թույլ տեղ իր ուժը ցուցադրելու նպատակով: «Ահա Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ իրականացնելուց հետո այսօր Արցախի նկատմամբ փորձում է  նվաճողականություն իրագործել: Մեր սերունդը 80-90-ականներին տեսել է արցախյան պայքարը, իսկապես համաժողովրդական պայքարը, երբ երկրապահ զինվորները, բանակային ստորաբաժանումները վայել և՛ պաշտպանվել են, և՛ հարձակվել են, և՛ ազատագրել են Հայաստանի հողերը: Այս ամենը մեր սերնդի համար ընկալելի է և ճանաչելի»,-ընդգծում է գրողների միության նախագահն ու հավելում, որ այս սերնդի երիտասարդներին՝ Ապրիլյան, Հուլիսյան մարտերի մասնակիցներին, պետք չէ դասեր տալ. նրանք ունեն հսկա ներուժ, զինվորական հմտություններ, և նրանք հայ ոգու կրողներն են: Նրա խոսքով՝ մեր բանակը երեսուն տարի կազմավորվել, կազմավորվում է, զինվում է նորագույն տեխնիկայով, և Միլիտոնյանը վստահ է, որ մեր զինվորները, մեր սպաները իրենց հմտությամբ, խելքով, ճշգրիտ գործողություններով կցուցադրեն, թե ինչ է հայ զինվորի ոգին:

Էդուարդ Միլիտոնյանն անդրադառնում է նաև լրատվության ոլորտում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Հայաստանում տեղեկատվական դաշտը այսպես ասած ոչ լիարժեք է գործում. եթե կան երկրներ, որտեղ տեղեկատվությունը կանոնակարգվում է և՛ պետականորեն, և՛ հասարակական, և՛ այլ գործիքներով, ապա Հայաստանում ասես ամբողջ բեռն ընկնում է  նախարարությունների լրատվականների ուսերին: «Հաճախ եմ նկատում, որ մեր լրատվական  կենտրոնները պաշտպանվողի դերում են: Ադրբեջանը, Թուրքիան կեղծ տեղեկություններ են տարածում աշխարհի բարձր ամբիոններից, և մենք անվերջ պաշտպանվում ենք: Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք օգտագործել տարբեր երկրների հետ կապերը, պետական պաշտոնական մակարդակով շփումները և նախահարձակ լինենք»,- ասում է նա:

Գրողների միության նախագահը, կարևորելով ինֆորմացիայի տարածման գործում նաև սփյուռքահայ գրողների դերը, նրանց կոչ է անում ձայն բարձրացնել հրապարակախոսության, գեղարվեստական գործերով, ցույցերով ի ցույց դնել թուրքական տխեղծ  ծրագրի իրական պատկերը: «Միջազգային հարթակներում պետք է միշտ հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը և Արցախի այս խնդիրը տրամաբանորեն կապված են, և սա թուրքական խաղ է, ծրագիր: Այս մասին պետք է մշտապես խոսվի: Ես պետք է շեշտեմ, որ մեր գեղարվեստական գործերը Արցախի պատերազմի վերաբերյալ, մեր երկերը պիտի պետական աջակցությամբ հրատարակվեն: Պետական դրամաշնորհները պետք է հատուկ ուղղորդվեն  նաև այդ թեմաներով գրված գործերը հրատարակելուն և ոչ միայն հայերեն, այլև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և մի շարք այլ լեզուներով: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի մշակույթի նախարարությունները պետք է իրենց ծրագրում ներառեն այս գիծը, որպեսզի Արցախին վերաբերող խնդիրները մշտապես արծարծվեն»,-ընդգծում է Միլիտոնյանն ու կրկին կոչ անում համախմբվելու ոչ միայն հայ գրողներին, այլև միջազգային գրողական կազմակերպություններին և գրողին վայել կեցվածք ունենալ, լինել ճշմարտության և խղճի կողմը:

Նա հաջողություն է մաղթում մեր զինված ուժերին և ընդգծում, որ Հայաստանի գրողների միությունը դատապարտում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած գործողությունները և Թուրքիային` Ադրբեջանին աջակցելու համար:

 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am