Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը  խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը  խստորեն դատապարտում է Ադրբեջանի 
կողմից ձեռնարկված հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկված հարձակումները և պատերազմի միջոցով ստատուս-քվոն փոխելու մտադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել կազմակերպությունը:

«Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով ոչ միայն տեղական զինված ուժերը, այլև քաղաքացիական բնակավայրերը՝  ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Չնայած Բաքվից և Անկարայից հնչող մեղադրանքներին, որ Հայաստանն է սկսել այս հարձակումը, Հայաստանը չունի ռազմական գործողություններ հրահրելու տրամաբանական որևէ պատճառ: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել և հիասթափվել է խաղաղ բանակցություններից, ինչը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համակարգված խաղաղ բանակցությունների գործարկման կասկածը: Այս հայտարարությունները աստիճանաբար ուղեկցվել են ավելի ու ավելի կոշտ հռետորաբանությամբ:

Երկու կողմից էլ տարբեր մոտեցումներ են հնչել անցած շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչած համապատասխան ելույթներում: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խաղաղության կոչով և մեկ անգամ ևս ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ԵԱՀԿ բանակցողների կողմից առաջարկված 2009 թ. Հիմնարար սկզբունքների:

Ի հակադրություն, նախագահ Ալիևը առաջարկել է ընդլայնված և կոշտ միջամտություն, որով, փաստորեն, արժեզրկվում են հակամարտության և դրան ուղղված բանակցությունների անցած երեսուն տարիները․ հետհայացք գցելով՝ վերջինս կարելի է ընկալել որպես դիվանագիտական նախազգուշացում՝ այսօր սկսված հարձակումներից առաջ։ Բաքվի՝ բազմիցս հնչեցված պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրենք չեն ցանկանում հանդուրժել «հայկական  երկրորդ պետությունն իրենց պատմական հողի վրա», ինչը կասկածի տակ է դնում անգամ Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը կոչ է անում միջազգային հանրությանը գիտակցել այս վերջին զարգացումների լրջությունն ու զերծ մնալ հավասարապես երկու կողմերին ուղղված սովորական կոչերից՝ հիմքում դնելով կեղծ ու չարդարացված համարժեքությունը՝ նշելով, որ հրադադարի ռեժիմն այժմ պետք է հուսալիորեն ամրապնդվի, ինչպես և միջազգայնորեն խոստացվել էր 2016թ․-ի քառօրյա պատերազմից հետո:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am