Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը

ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շնորհավորում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության 5-ամյակը։ «Ավրորայի» երախտագիտության ու գթասրտության ներքին ուղերձը, որը հնչում է Հայաստանում, իր էությամբ համամարդկային է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորայի» կնքահայրերին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, ովքեր իրենց այս մարդասիրական ձեռնարկով փաստում են, որ, ինչպես ֆրանսիացի գիտնական, բառարանագիր Պիեռ Բուաստն էր ասում.«Մաքուր խղճի մեկ ձայնն ավելի հաճելի է փառքի հարյուր ձայնից»...

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Սա երախտագիտություն է մարդու հանդեպ՝ անկախ ազգությունից, կրոնից, մաշկի գույնից, որովհետև նրանք, ովքեր փրկում էին իմ հայրենակիցներին, բնավ չէին մտածում, որ այդ մարդիկ այլ հավատքի ու դավանանքի, այլ ազգի ներկայացուցիչ են: «Ավրորան» վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը ոչ միայն սահման չունի, այլեւ նրա առջեւ չի կարող որեւէ փակ դուռ լինել: Մարդասիրությունը կարող է դռներ բանալ թե ամենադաժան մարդու մեջ եւ թե ամենադաժան երկրում: Հենց այդպիսի առաքելություն են ծրագրավորել Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը «Ավրորայի» գաղտնաբառերի միջոցով։ Այդ գաղտնաբառերը հասկանալի են բոլոր լեզուներով, հնչում են բոլոր նրանց համար , ում համար մարդասիրությունն արժեք է, ում համար գթասրտությունն ապրելակերպ է։

«Ավրորան» նաև ինքնատիպ այցեքարտ է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։ Այն հենվում է մեր պատմության վրա, սակայն միտված է ապագային։ «Ավրորա» նախաձեռնության հեղինակները ինչ-որ առումով եկել են ապագայից՝ մեզ հայտնելու, որ ինչպես երեկ, վաղը ևս մարդասիրությունը և գթասրտությունը մնալու են մարդկության առաջ շարժող ուժը, որ հիշողությունն անցյալի մասին է, սակայն այն չի կարող մնալ անցյալում։ Որովհետև ապագան հենվում է ինչպես ներկայի, այնպես էլ անցյալի վրա։

2008 թվականին ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանության վերապրող իննսունհինգամյա Մայքլ Հակոբ Հակոբյանը թողարկեց «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր յոթանասուներորդ ֆիլմը: Նա ծնվել էր 1913 թվականին, Խարբերդում, սակայն նա մահացավ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ամերիկյան Կալիֆոռնիայում:

Մայքլ Հակոբ Հակոբյանը Ամերիկայում էր հայտնվել իր կամքից անկախ՝ 1915 թվականին փրկվելով թուրքական յաթաղանից: Հետագայում, արդեն որպես կինոռեժիսոր, նա երկու Emmy մրցանակներ է ստացել Հայոց ցեղասպանության վկաների մասին The Forgotten Genocide ֆիլմի համար, որն առաջին լիամետրաժ ֆիլմն էր Եղեռնի թեմայով, և ներառում էր Հակոբյանի քսան տարվա տքնաջան աշխատանքը։ 1979 թվականին հիմնել է Հայկական ֆիլմերի հիմնադրամը, որը հավաքագրում է Եղեռնի զոհերի վավերագրական պատմությունները։

Մայքլ Հակոբ Հակոբյանը մեկն է իմ այն հայրենակիցներից, որոնք փրկվել են բռնությունից ու մարդկային կյանքի հանդեպ ոտնձգությունից, փրկվել են այլոց գթասրտության շնորհիվ:

Մայքլ Հակոբ Հակոբյանը 1915-ի նախճիրից փրկվել էր մղձավանջային խավարին հաջորդած ավրորայի՝ արշալույսի շնորհիվ: Արշալույսը գթասրտությունն էր, մեծահոգությունը, հերոսությունն այն մարդկանց, ովքեր օգնության և փրկության ձեռք մեկնեցին ցեղասպանությունից հազիվ փրկված իմ հայրենակիցներին, պատսպարեցին, խնամեցին նրանց, հոգ տարան նրանց մասին:

Աշխարհն այսօր էլ գթասրտության կարիք ունի: Աշխարհում ապրում են տարբեր ազգությունների մարդիկ։ Արագ զարգացող աշխարհում, որն առաջ է ընթանում տեխնոլոգիական հսկայական քայլերով։ Այդ ամենով հանդերձ՝ չի փոխվում մարդկային արյան գույնը. այն բոլորիս մոտ նույն՝ կարմիր գույնի է:

Ամուր պահենք մեր կամքը, բայց թող երբեք չկարծրանան մեր սրտերը»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական խոսքում։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ