Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ՌԴ հարաբերությունները զարգանում են. Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոն

ՀՀ-ՌԴ հարաբերությունները զարգանում են. Ռազմավարությունների և տեխնոլոգիաների 
վերլուծության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը» հրապարակել է «Դաշնակիցներ» («Союзники») գիրքը, որտեղ հանգամանորեն վերլուծական անդրադարձ է կատարվում ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տնտեսական և ռազմական ներուժին, ինչպես նաև Ռուսաստանի հետ նրանց հարաբերություններին։

Հայաստանի տնտեսական ներուժին վերաբերող հատվածում, մասնավորապես, ներկայացվում է 1990-ականներին Հայաստանի ծանր տնտեսական իրավիճակը՝  պայմանավորված ԽՍՀՄ կազմալուծմամբ, Արցախյան հակամարտությամբ, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակմամբ և այլ գործոններով։ Նշվում է, որ հակամարտության արդյունքում առկա փակ սահմաններն այսօր էլ բացասաբար են անդրադառնում երկրի տնտեսական զարգացման վրա, ուստի Հայաստանը փորձում է հարմարեցնել իր տնտեսությունը և արտաքին տնտեսական կապերը այդ իրավիճակին։ Հեղինակներն ընդգծում են, որ չնայած առկա դժվարություններին՝ Հայաստանը, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների, հասել է տնտեսական աճի համեմատաբար բարձր տեմպերի։ Տնտեսության ճյուղերից հատկապես առանձնացվում է զբոսաշրջությունը՝ որպես Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղ։

Ներկայացնելով հայ-ռուսական տնտեսական սերտ համագործակցությունը, փորձագետներն ընդգծել են «Գազպրոմ Արմենիայի» և «Հարավկովկասյան երկաթուղու» մենաշնորհային դիրքը Հայաստանի տնտեսության մեջ։

Ռուսական վերլուծական կենտրոնի հրապարակած գրքի՝ Հայաստանի Զինված ուժերի վերաբերյալ հատվածում ներկայացված են ՀՀ անվտանգության ոլորտի հիմնարար փաստաթղթերը՝ 2007թ․ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը և Ռազմական դոկտրինը, Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, Զինված ուժերի հետ առնչություն ունեցող իրավական այլ փաստաթղթեր, Զինված ուժերի կառուցվածքը, ռազմաարդյունաբերությունը, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հետ ՀՀ համագործակցությունը, Սիրիայում հայկական հումանիտար առաքելությունը։ Որպես հայկական զինված ուժերի երկու կարևորագույն առանձնահատկություն՝ նշվում են սերտ փոխկապվածությունը Արցախի Պաշտպանության բանակի հետ, ինչպես նաև ռուս սահմանապահների և ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում։

Անդրադառնալով ռազմական ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին՝ հեղինակները նշում են, որ «ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի համար ստեղծված ծանրագույն պայմաններում Հանրապետության ղեկավարությունը ընտրություն կատարեց հօգուտ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության։ Այս գործընկերությունը ընկալվում է որպես հնարավոր աղետալի սցենարից պաշտպանության երաշխիք, որի ժամանակ Հայաստանը ստիպված կլիներ միայնակ պայքարել Ադրբեջանի և Թուրքիայի հետ միաժամանակ: 1990-ականների սկզբին Վրաստանի և Ադրբեջանի հետ ձևավորված ոչ դյուրին հարաբերությունների ֆոնին Հայաստանը Ռուսաստանի համար փաստացի դարձավ հենակետ Անդրկովկասում»։

Հեղինակներն ընդգծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են զարգանալ․ «Հնարավորության սահմաններում Երևանն աջակցում է Մոսկվայի դիրքորոշմանը միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ՄԱԿ-ը, որտեղ հայկական պատվիրակությունը հետևողականորեն դեմ է քվեարկում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի վերաբերյալ հակառուսական բանաձևերին»:

Ռուս վերլուծաբանները հատուկ անդրադարձ են կատարել Հայաստանի կողմից մարդասիրական առաքելության շրջանակներում սակրավորների և բժիշկների՝ Սիրիա ուղարկելու փաստին։ Ըստ նրանց՝ թեև նման որոշումը մասամբ պայմանավորված է Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությամբ, այնուամենայնիվ դա նաև «Սիրիայում ռուսական գործողությանը քաղաքական աջակցություն ցուցաբերելու ժեստ է»։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին, հեղինակներն առանձնացրել են՝ տրանսպորտային հաղորդակցության բարդությունները, ժամանակ առ ժամանակ սրվող տարբեր տնտեսական հարցերը (ինչպես, օրինակ, ռուսական բնական գազի սակագների գնագոյացումը), ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը։ «Մոսկվան ձգտում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն Երևանի, այլև Բաքվի հետ, ուստի Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում փխրուն հավասարակշռության պահպանումը մեծ ջանքեր և զգուշավորություն է պահանջում։ Ադրբեջանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական սպառազինության խոշոր գնորդ, և ՀԱՊԿ-ի դաշնակիցների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները Հայաստանում առաջացնում են բնական դժգոհություն և վրդովմունք, որոնք սաստկացել են 2016 թվականի ապրիլին հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած մարտերից հետո»,- նշված է գրքում։

Ռուս փորձագետներն ընդգծում են նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները «դիմացան նաև 2018թ․ Հայաստանում ընդդիմադիր ուժերի իշխանության գալուն, ինչի վկայությունն է տարբեր նախագծերի շարունակական իրականացումը, ինչպես նաև ներռուսաստանյան գներով սպառազինությունների մատակարարումների շարունակումը»։ Նշվում է նաև, որ հարաբերությունների և դաշինքի հետագա զարգացումը մեծապես կախված է Հայաստանի նոր ղեկավարության հետագա քայլերից և կուրսից:

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am