Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռչակագիր, հուշամեդալներ. Պատմության թանգարանը սերունդներին է փոխանցում անկախության գանձերը

Հռչակագիր, հուշամեդալներ. Պատմության թանգարանը սերունդներին է փոխանցում  
անկախության գանձերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշամեդալներ, թղթադրամներ, արխիվային լուսանկարներ, մետաղադրամներ, երաժշտական գործիքներ, բազմաթիվ փաստաթղթեր և ի վերջո՝ անկախության հռչակագիրը. այս և մի շարք այլ ցուցանմուշներ, որոնք Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության  ապացույցն են, պահվում և պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանի Երրորդ Հանրապետության սրահում, որը մշտապես պատրաստ է իր հյուրընկալ դռները բացել բոլոր հետաքրքրասերների առաջ:

Թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փաստում է, որ սրահում ներկայացված բոլոր ցուցանմուշները հետաքրքիր են և կարևոր. դրանցից յուրաքանչյուրը Հայաստանի Երրորդ Հանրապետություն անկախության վկան է: Թերևս դա է պատճառը, որ Գալստյանը դժվարությամբ առանձնացրեց ցուցանմուշներից մի քանիսը, որոնց շուրջ ծավալվեց մեր զրույցը:

«Երբ ձեռք բերեցինք անկախության հռչակագիրը, որի մասին բազմիցս խոսվել է, դրա հետ մեզ հասավ նաև այն գրիչը, որով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է այն: Դրան կից 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի քվեաթերթիկն է, որում հստակ գրված է. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Մենք գիտենք, որ մեր բնակչության 2 մլն 43 հազարն «այո» ասաց անկախությանը: Այդ ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Վազգեն Առաջինը, հանդես եկավ անկախ պետություն ունենալու կոչով,  և այդ ուղերձի բնօրինակը նույնպես այստեղ է, որի կողքին կաթողիկոսի անձնագիրն է՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության համար մեկ անձնագիրը»,-ներկայացրեց Գալստյանը:

Թանգարանը ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում ձեռք է բերում հուշադրամների, կրծքանշանների, մեդալների յուրատիպ ցուցանմուշներ, որոնք վերաբերում են խոշոր դինաստիաներին, հոբելյանական տարեթվերին,  քաղաքական, հասարակական գործիչներին,  հանրահայտ անձանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել անկախության կայացման գործում: Ցուցանմուշներից հատկապես հետաքրքիր է Արտաշեսյանների դինաստիային վերաբերող 1993 թվականին թողարկված արծաթե մեդալը:

Առանձնահատուկ են նաև թանգարանում պահվող այն շքանշանները, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից են տրվում: Խոսքը պետական պարգևների մասին է. դրանք նույնպես հանձնվել են այն մարդկանց, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի Երրորդ Հանրապետության  կայացման հարցում:  Թանգարանում ընդամենը 17 ցուցանմուշ է՝ Հայաստանի ազգային հերոս, Մարտական խաչ շքանշանը, Երկրորդ աստիճանի մարտական խաչ շքանշանը,  Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Տիգրան Մեծ և այլ շքանշաններ:

Սեդա Գալստյանը շեշտեց, որ զբոսաշրջիկները մշտապես մեծ ուշադրությամբ են դիտում բոլոր ցուցանմուշներն ու ծանոթանում դրանց, սակայն հատկապես երկար են կանգնում շեփորի մոտ, որով ժամանակին ազդարարվում էր հավաքների սկիզբը, հնչում էր «Ինչո՞ւ է աղմկում գետը» կինոնկարի երաժշտությունը, և հեռվից, երբ մարդիկ լսում էին երաժշտության ելևէջները, հավաքվում էին,  դառնում մի բռունցք: Փաստորեն  բոլոր հավաքներն անցնում էին այդ երաժշտության հնչյունների ներքո: Շեփորը մեզ նվիրել է շեփորահարը՝ Աշոտ Միրզոյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, բայց հաճախ է գալիս Հայաստան, այցելում թանգարան և դիտում գործիքը, հիշում դրա հետ կապված պատմությունները: Շեփորի կողքին հավաքները վառ կերպ ներկայացնող լուսանկարներն են, որոնց հեղինակը մեր թանգարանի լուսանկարիչ Վռամ Հակոբյանն է»,-տեղեկացրեց նա:

Ցուցասրահի «Անկախության զինվորները» խորագրով ցուցափեղկում կարելի է գտնել Վազգեն Սարգսյանի՝ 1992 թվականի հեռուստաելույթի տեքստը: Սարգսյանը կազմեց մահապարտների ջոկատը, որը ղեկավարում էր ինքը, կազմվեցին կամավորական ջոկատներ, խմբեր: Ներկայացված են  ջոկատների անդամների, նրանց ղեկավարների անունները: «Ցուցադրված են Երկրապահ կամավորականների միության պարգևները: Սպարապետի շքանշանը, որն ստացել է Վազգեն Սարգսյանը, Հայաստանի երկրապահ հուշամեդալը, որը տրվում էր երկրապահ զինվորներին: Այստեղ է նաև Շուշիի ազատագրման քարտեզը, որը թանգարանին է նվիրել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը»,-շեշտեց Գալստյանը:

Բոլոր ցուցանմուշների մեջ գեղեցկությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի ոսկյա զինանշանը՝ պատված ադամանդներով: Գալստյանի խոսքով՝ այն նույնպես գրավում է այցելուների ուշադրությունը:

Նա նշեց, որ թանգարանի ֆոնդերը համալրվելու են նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը վերաբերող ցուցանմուշներով: «Համագործակցում ենք տարբեր կառույցների և անձանց հետ ու վստահ ենք, որ այդ համագործակցության արդյունքում մեր ֆոնդերը կհարստանան նոր նյութերով: Դա շատ կարևոր է, քանի որ մեր օրերն են, և շատ ժամանակ չի անցել այդ իրադարձություններից»,-եզրափակեց Սեդա Գալստյանը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:

Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով և անցել ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անցկացվել էր արդար ու թափանցիկ, վկայում էր 25 երկրից գրանցված 117 դիտորդ: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am