Երվանդ Խունդկարյանը երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեց պաշտոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանը նախ իր շնորհակալական խոսքն ասաց ՀՀ դատավորական համայնքին, պատգամավորներին, որ իրեն վստահել են՝ մասնագիտական գործունեությունը սահմանադրական արդարադատության ոլորտում շարունակելու համար: «Միաժամանակ հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին՝ էլ ավելի ամրապնդելու ՀՀ-ում Սահմանադրական արժեքները»,-նշեց նա:
Խունդկարյանն այնուհետև երդվեց. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:
Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 18-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում հայտնել էր, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները:
ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:
Աննա Գրիգորյան