Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիտվայում կկազմակերպվի Հայաստանի անկախությանը նվիրված համերգ

Լիտվայում կկազմակերպվի Հայաստանի անկախությանը նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակակիրների դափնեկիրներ, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի և օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ համերգային ծրագրով Լիտվայում կնշեն Հայաստանի անկախության 30-ամյակը: Համերգը նվիրվում է նաև օպերային երգիչ, բեմադրիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանին, որը երգել է Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ lrt.lt-ն հայտնում է, որ Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի և Լիտվայում ՀՀ դեսպանության ջանքերով կազմակերպված համերգը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Լիտվայի օպերային թատրոնում:

Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ տոնը կարևոր է Լիտվայի համար, քանի որ Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ Հայաստանը Լիտվայի հետ հաստատել է առաջին դիվանագիտական հարաբերությունները:

Համերգին, որը վկայում է Հայաստանի և Լիտվայի բարեկամության մասին, հանդես կգա նաև տենոր Հովհաննես Այվազյանը, դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Երգիչներին նվագակցելու է օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գլխավոր դիրիժոր Ռիչարդս Շումիլա):

Հասմիկ Գրիգորյանը, որը Գեղամ Գրիգորյանի դուստրն է, խոստովանել է, որ, չնայած հայրն այլևս իր հետ չէ, տպավորություն է, թե բեմում միշտ իր կողքին է:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Լիտվան դարձել է առաջին երկիրը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա տեղի է ունեցել 1991 թվականի օգոստոսի 14-ին։ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերի 21-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am