Հասարակական

Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը

2 րոպեի ընթերցում

Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության առաջադրած թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Էդգար Շաթիրյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 18-ին Երևանում, 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրաբանական ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002-2005 թթ. Շաթիրյանը եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Շուրջ 30 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Անդրադառնալով Շաթիրյանի աշխատանքային գործունեությանը՝ Բադասյանը ներկայացրեց հիմնականները: 2002-2005 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում՝ որպես մասնագետ: 2004-2017 թթ դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնում: 2007-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական: 2015-2019 թթ հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, այնուհետև ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ներկայումս աշխատում է միջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունում՝ որպես ավագ փորձագետ:

Անդրադառնալով հանգամանքներին, որոնցով կառավարությունն առաջնորդվել է Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելիս՝ նախարարը նախ նշեց Շաթիրյանի մասնագիտական լուրջ կարողությունները, մարդկային հատկանիշները, փորձառությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, սահմանադրական իրավունքի ոլորտներում:

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում