Տնտեսություն

ԼՀԿ-ն առաջարկում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը

2 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն առաջարկում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արգելել գիշերային ժամերին քաղաքացիներին վարկերի տրամադրումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«Գիշերային ժամերին շատ գրավատներ և վարկային կազմակերպություններ գործունեություն են իրականացնում և վարկեր են տրամադրում: Գիշերային ժամին վարկ են վերցնում հիմնականում կամ խաղամոլությամբ տարված մարդիկ, կամ նրանք, որոնք գինովցած վիճակում են, կամ էլ գողոնի արագ իրացման և գողոնից ազատման դեպքերն են: Այս երևույթներն առաջացնում են որոշակի սոցիալական ռիսկեր: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին՝ 22:00-07:00-ն, վարկերի տրամադրումը, այդ թվում՝ առցանց եղանակով»,- ասաց Խաչատրյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել նաև փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ հարցերը:

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում կա դրույթ, ըստ որի պայմանագիրը պետք է պարունակի փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ տեղեկատվություն: Գործնականում, շատ հաճախ ելնելով նրանից, որ պայմանագիրը շատ ծավալուն է, ներկայացվող տեղեկատվությունը կարող է ակնհայտորեն չերևալ, և մարդիկ հիմնականում հակված չեն լինում ամբողջությամբ կարդալու պայմանագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մարդիկ այդպես էլ չեն տեղեկանում փաստացի տոկոսադրույքի չափի մասին: Առաջարկվում է, որ հաճախորդի ստորագրության համար նախատեսված տեղի անմիջապես ներքևում նշվի փաստացի տոկոսադրույքի չափը»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվեց «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն տալու քվեարկությունը հետաձգել մինչև 2 ամիս ժամանակահատվածով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում