Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Կին և տղամարդ, սեր, վեճեր. «Արմմոնո» փառատոնին կայացավ «Քարանձավի մարդը» ներկայացման առաջնախաղը

Կին և տղամարդ, սեր, վեճեր. «Արմմոնո» փառատոնին կայացավ «Քարանձավի մարդը» 
ներկայացման առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Քարանձավի մարդը» ներկայացումը զվարճալի, միևնույն ժամանակ խորիմաստ պատմություն է այն մասին, թե ինչպես են կանայք և տղամարդիկ փոխհարաբերվում: Նրանք կողքի աչքով են հետևում իրենց սեփական վեճերին ու պատմություններին և ակամայից սկսում ծիծաղել այդ ամենի վրա:

Ներկայացումը, որի բեմադրիչը Տաթև Ղազարյանն է, իսկ դերակատարը՝ Նարեկ Բաղդասարյանը, ցուցադրվեց բացօթյա հարթակում «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Բաղդասարյանն ասաց, որ իր համար եռակի դժվար էր, քանի որ առաջնախաղ էր, ժանրը նոր էր: «Ես դրամատիկ թատրոնի դերասան եմ, իսկ այս ներկայացումը Stand Up ոճում է, բացի այդ  խաղում էի բաց տարածքում, դա էլ քիչ է, սրճարանի բաց տարածքում: Ինձ համար սա հետաքրքիր փորձություն էր: Համավարակի պատճառով ստեղծված բարդ իրավիճակը շատերիս ստիպեց մի փոքր այլ կերպ մտածել, երևակայությունը զարգացնել: Կուզեմ երբեմն հետաքրքիր փորձությունների ենթարկվել»,-խոստովանեց նա:

Դերասանի խոսքով՝ հավանաբար յուրաքանչյուր հանդիսատես կարող է ինչ-որ բան գտնել, քաղել ներկայացումից: «Ճիշտ է՝ շատ ծեծված թեմա է՝ կին-տղամարդ հարաբերություններ, բայց այս դեպքում ամեն բան շատ հետաքրքիր է մեկնաբանվում: Պարզվում է՝ քարանձավում ապրելու ժամանակներից մինչ օրս կին-տղամարդ փոխհարաբերություններում շատ բան չի փոխվել. փոխվել են հարաբերությունների որոշ ձևեր, բայց էությունը նույնն է մնացել: Մենք մինչ օրս որսորդի և հավաքողի սկզբունքով ենք ապրում»,-շեշտեց Բաղդասարյանը:

«Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին: Փառատոնի ներկայացումները անցկացվում են բացօթյա՝ հարթակներում խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Բեմադրությունները ցուցադրվում են նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը սակավաթիվ է: «Արմմոնո»-ին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը, ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանը, ՀՀ վաստ.արտիստ Մայիս Սարգսյանը և այլք:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ