Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԲ հրամանատարը ներկա է գտնվել բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը

ՊԲ հրամանատարը ներկա է գտնվել բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են անհրաժեշտ մակարդակով:

Մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, ՊԲ բոլոր միավորումներն առաջընթաց են ապահովել մարտական պատրաստության ու զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններում: Օրակարգային ելույթներում բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների և ծառայությունների պետերը անդրադարձել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին:

Նրանք նաև անդրադարձել են հայկական երկու հանրապետության ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված տեսչական ստուգումներին ու դրան հաջորդած մարտավարական զորավարժություններին և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին` մատնանշելով այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում։ 

Իր ամփոփիչ խոսքում գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, համակողմանի վերլուծության ենթարկելով տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումները, կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործընթացների նշանակությունը և առաջիկա ուսումնաշրջանի հիմնական անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: Ռազմական խորհրդի նիստի ավարտին, ՊԲ հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն, կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու արժանացել դրամական խրախուսանքների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am