ԲԸՏՄ-ն Ծաղկաձորի հանգստի գոտիներում արձանագրել է խախտումներ
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների կատարումը։
Դիտարկումների արդյունքում գրանցվել են խախտումներ և թերություններ, որոնք շտկվել են տեղում։ Տեսուչների ցուցումով ոստիկանները դիմակ չկրելու համար 3 անձի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
ԲԸՏՄ մշտադիտարկումները մշտապես զուգորդվում են հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման և բացատրական աշխատանքներով։
Պարետատան որոշումներով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթները Տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ռեժիմով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում