Հանրապետությունում նկատվում է ոռոգվող հողատարածքների ավելացում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ոռոգման նպատակով ջօգտագործողներին տրվել է 5 մլն խմ ավելի ջուր: 2019 թվականի առաջին կիսամյակում ջրօգտագործողներին տրվել էր 187,5 մլն խմ ջուր:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին տվյալների համաձայն նույնպես մատակարարված ջրի ծավալի ավելացում է նկատվում: Ներկայում արդեն մատակարարվել է 271 մլն խմ ջուր: Այս ցուցանիշը նախորդ տարվա հուլիսի 22-ի դրությամբ 3 մլն խմ-ով ավելի է: Կարեն Սարգսյանը նկատեց, որ հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է ոռոգվող հողատարածքների ավելացում:
«Մեզ մոտ դինամիկան հստակ երևում է, տեսնում ենք մուտքագրվող պայմանագրերի թվի աճը, հայտերի հավաքագրումը: Ներկայում պայմանագրեր ենք կնքել 114 հազար 500 ջրօգտագործողների հետ: Վերջին տվյալների համաձայն, մեր համակարգմուտքագրված ունենք 80 հազար հա հողատարածք: Նախորդ տարվա համեմատ մինչև 5 հազար հա-ով ոռոգման հողատարածքներն ավելի կլինեն»,- ասաց Կարեն Սարգսյանը: Ոռոգման հողատարածքների ավելացում հիմնականում նկատվում է նախալեռնային շրջաններում:
Խոսելով ոլորտի խնդիրներից՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ կան մի շարք հարցեր ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ՝ մաշված ջրագծեր, խորքային հորեր, ենթակայաններ և այլն: Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ ի հայտ եկած խնդիրներին շատ արագ արձագանքում են և ամեն ինչ անում են ջրամատակարարումը սահուն կազմակերպելու համար: Դիտարկմանը, թե Արմավիրի մարզում այս տարի կրկին դժգոհություններ կային, բնակիչները բարձրաձայնում էին Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) անարդյունավետ աշխատանքի հարցը, Կարեն Սարգսյանը նշեց, որ խնդիրները բացառապես տեխնիկականենեղել:
«Կոնկրետ Արմավիրի հետ կապված, այո, ևս եղան դժգոհություններ: Խորքային հորերի, ենթակայանների հետ կապված խնդիրներ եղան: Մի երկու տեղում կայծակի պատճառով ենթակայաններ այրվեցին: Դրանց վերանորոգման և վերականգնման ժամանակահատվածում ժողովուրդը բողոքի ձայն բարձրացրեց, սակայն հասցրեցինք վերականգնել և ջուր մատակարարել: Կարող եմ ասել, որ խնդիրը հիմանականում տեխնիկական է եղել»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՋՕԸ-ի աշխատանքի արդյունավետությանը, ապա Կարեն Սարգսյանն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է, որ հենց իրենք՝ ջրօգտագործողներն ակտիվ ներգրավված լինեն աշխատանքներում:
«Խնդիրը համակարգի մեջ չէ, այլ աշխատանքի ճիշտ պլանավորման: Այսօր ի՞նչ ունենք: Ֆիքսենք, որ ՋՕԸ-ները կազմված են հենց ջրօգտագործողներից: Դա նշանակում է, որ իրենք պետք է ակտիվ նեգրավված լինեն աշխատանքների կազմակերպմանը, ընկերության ղեկավարի առջև դնեն այն բոլոր խնդիրները, որոնք ունենք: Այսօր ունենք իրավիճակ, երբ շատերը չեն փորձում կազմակերպչական աշխատանքների վրա ուշադրություն դարձնել, մասնակցել պլանավորմանը: Այնինչ, պլանավորումն այս գործընթացում շատ կարևոր գործոն է: Ջրօգտագործող ընկերությունը պետք է իրական պատկերացում ունենա այն մասին, թե գյուղացին քանի հա է մշակելու, ինչ մշակաբույսեր ունի, սակայն որոշ դեպքերում ունենք մի իրավիճակ, երբ ՋՕԸ-ները փակ աչքերով են մտնում ոռոգման փուլ: Ուզում եմ խնդրել ջրօգատոգրծողներին, որ փոխեն վերաբերմունքը Ջրօգտագործող ընկերության նկատմամբ, տան իրական տվյալները, որպեսզի կարողանան նորմալ ջրամատակարարում ունենալ,- ասաց Կարեն Սարգսյանը: