Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին

Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ 
արտաքին գործերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել:

«Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ և սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը:

Բարոնուհին նշել է, որ խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող բժշկական դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ:

«Մտահոգված եմ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա կատարված հարձակմամբ, ինչպես նաև հաղորդագրություններով այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոչ է արել զանգվածային ոչնչացման ենթարկել հայ բնակչությանը և սպառնացել է թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը»,- նշել է Քերոլայն Քոքսը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամն իր նամակում անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Բաքվում անցկացվել է մեծ ցույց, որի ընթացքում հնչել են հակահայկական «Մահ հայերին» վանկարկումներ:

«Հաշվի առնելով Միացյալ Թագավորության վաղեմի հավատարմությունը Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում անվտանգության ապահովման աշխատանքին, ես կոչ եմ անում ձեզ հաստատակամ դիրքորոշում որդեգրել խաղաղության հանդեպ այդ սպառնալիքը դատապարտելու հարցում, անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացմանը նպաստելու և Հայաստանին աջակցելու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտման հարցում»,- գրել է Քոքսը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, նաև առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]