Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցիների հերթական սադրա՞նք. Մոսկվայի Ֆուդ Սիթի շուկայից հանել են հայկական մթերքներով ֆուռերը

Ադրբեջանցիների հերթական սադրա՞նք. Մոսկվայի Ֆուդ Սիթի շուկայից հանել են 
հայկական մթերքներով ֆուռերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից կեսգիշերին հանել են հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում են, որ մթերքն արդեն փչացել է: 

«Արմենպրես»-ին տրամադրված տեսանյութում քաղաքացին նեկայացնում է իրավիճակը. «Գիշերը ժամը 12-ից Հայաստանի բոլոր ֆուռերը «Ֆուդ Սիթի»-ից հանել, բերել են կայանատեղի»:

Քաղաքացու խոսքով՝ շատերի ապրանքն արդեն փչացել է, անորոշ վիճակ է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները:

Հայաստանում պատասխանատու մարմինները տեղյակ են խնդրին։ Կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարվում` խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով։ 

«ՀՀ դեսպանատան հետ միասին իրավիճակը պահում ենք մեր ուշադրության տակ։ Իրականացվել են նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումներ միջանձնային կոնֆլիկտներից խուսափելու համար։ Եթե իրավիճակի շուրջ լինեն այլ զարգացումներ, հանդես կգանք լրացուցիչ մեկնաբանությամբ»,- «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: 

Հուլիսի 16-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են Ռուսաստանում ադրբեջանցիները անզորությունից հայկական ծիրան գնում և այն ճզմում: 

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ ադրբեջանական կողմը նաև «Գրադի» երեք հրթիռ է արձակել: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Թիրախավորվել են նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Այս գիշեր ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթանում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am