Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը

Մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 1 հա-ի հաշվով ցորենի արտադրության արդյունավետությունը ցածր է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1 հա տարածքի հաշվով բերքատվությունը կազմում է 1,8-2 տոննա: Աշնանացան ցորենի արտադրության խթանման համար ՀՀ կառավարությունը օրեր առաջ հավանություն էր տվել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի սուբսիդավորման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքաշրջանառության խթանմանը, ցանքատարածքների ավելացմանը:

Ծրագրով նախատեսվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտար և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։

«Մեկ կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագիրն արդեն մեկնարկել է: Մարզպետարանների կողմից այժմ հավաքագրվում է հնարավոր սերմացուի քանակի, նաև սորտերի տեսակների մասին տեղեկատվություն: Մինչև հուլիսի 15-ն այդ տվյալները կտրամադրվեն Էկոնոմիկայի նախարարությանը: Այն մատակարարները, որոնք հետաքրքրված են, կարող են դիմել նախարարություն, ընդգրկվել այդ մատակարարների ցանկում»,- ասաց նախարարի տեղակալը:

 2020 թ. հուլիսի 22-ին մատակարարների ցանկը կհրապարակվի նախարարության կողմից: Բոլոր այն գնորդները, որոնք կցանկանան կապ հաստատել, կկարողանան ուղիղ պայմանավորվել գնի, սերմերի մատակարարման ժամկետների, սորտերի վերաբերյալ:

«Սերմերի որակի պատասխանատվությունը կրում է մատակարարը, սակայն հնարավորություն ենք տալիս ֆերմերներին ստուգել սերմի որակը: Անվճար հիմունքներով մենք կընձեռենք այդ հնարավորությունը: Մատակարար կարող են դառնալ նաև Հայաստանում սերմ արտադրողները»,-ասաց նա:

Նախարարի տեղակալի խոսքով՝ գյուղատնտեսներն ընթացիկ տարվա ցանքի համար օգտագործում են նախորդ տարվա բերքի մի մասը, որը չի ապահովում անհրաժեշտ բերքի ծավալը: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ որակյալ սերմ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցները չեն բավականացնում:

«Ահա այս ծրագրի նպատակն է ցույց տալ, որ որոշակի ներդրման պարագայում հնարավոր է որակյալ սերմացուի օգտագործմամբ ավելի շատ եկամուտ ստանալ»,- հավելեց նախարարի տեղակալը:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի  հանրապետությունում շուրջ 30 տոկոսով ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am