Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro  ծրագիրը կիրականացվի հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro  ծրագիրը կիրականացվի հուլիսյան օրերին և 
առցանց ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում, բայց սպասվում են նաև հուլիսյան միջոցառումներ և անակնկալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց:

«GAIFF Pro-ն, ինչպես ցանկացած միջազգային կինոշուկա, հիմնված է շփման և կապերի ստեղծման վրա, և, ցավոք, ինչպես կարելի է եզրակացնել, այս տարի հնարավոր չի լինելու Երևանում կազմակերպել մարդաշատ հանդիպումներ ու միմյանց ներկայացնել կինոգործիչների՝ աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն այն չի հուսահատեցնելու ոչ մեզ, ոչ մեզ սպասողներին, քանի որ GAIFF Pro -ն տեղի է ունենալու հենց հուլիսյան օրերին և առցանց: Փորձելու ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին, օգտագործելու ենք արդեն հայտնի դարձած Zoom հարթակը»,- ասում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրական GAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չի լինելու: Լինելու են անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ՝ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:

Այս միջոցառումների մի մասը նաև բաց կհեռարձակվի GAIFF Pro -ի և «Ոսկե ծիրան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում` հասանելի լինելով ավելի լայն շրջանակների:

«Շուկայի բոլոր միջոցառումները դեռևս հաստատված չեն, բայց մի քանի գաղտնիք կարող ենք բացել: Շուկա ընտրված նախագծերը սկսելու են փիթչինգի և նախագծերն օնլայն ներկայացնելու աշխատարաններն արդեն հունիսի 8-ից, մինչև շուկայի սկսելը, ինչի նպատակն է նրանց ավելի լավ նախապատրաստելը հանդիպումներին: Պանելային քննարկումները, զրույցները հիմնականում լինելու են համարտադրության, փառատոնային ռազմավարության և ֆիլմերի գովազդի, ինչպես նաև կինոժառանգության պահմանման, կինոֆինանսավորման մասին: Շատ հետաքրքիր զրույց է լինելու Ատոմ Էգոյանի և վրացի երիտասարդ ռեժիսորների միջև: Մնացած միջոցառումների մասին կհայտարարենք ավելի ուշ»,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավարը։

Սոնա Կարապողոսյանը տեղեկացնում է, որ  GAIFF Pro-ն այս տարի մոտավորապես 50 հայտ է ստացել։

«Եթե հաշվենք նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաների հայտերը միասին, այս ամենը մոտ 10-15-ով զիջում է այն պատկերին, ինչն ունեինք նախորդ տարիներին: Ընդ որում՝ զարմանալին այն է, որ նվազել են Հայաստանից նախատեսվող հայտերը: Օրինակ` 2018-ին Հայաստանից ունեինք 18 նախագիծ, իսկ այս տարի՝ միայն 6: Սա, իրոք, ցավալի է, քանի որ անկախ այն փաստից, որ շուկա ընտրվում են ընդամենը երեք նախագիծ, մյուս հայկական նախագծերը երբեք չեն անտեսվում: Նախորդ տարիներին էլ հայտ ներկայացրած բոլոր հայկական նախագծերը հնարավորություն են ստացել մասնակցել մի քանի աշխատարանների և փիթչինգ ունենալ: Լավագույն նախագծերն էլ արժանանում են ՀՀ վարչապետի մրցանակին, որը բավական զգալի աջակցություն է»,-նշում է Սոնա Կարապողոսյանը։

GAIFF Pro -ի շուկան ընդունում է նախագծեր Փոքրկովկասյան տարածաշրջանից, իսկ կինոմասնագետներ են մասնակցում եվրոպական մի շարք երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Սլովակիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև ԱՄՆ-ից:

«GAIFF Pro հարթակն արդեն սկսել են ճանաչել միջազգային ասպարեզում, և մարդիկ, ովքեր ցանկանում են համարտադրությամբ զբաղվել այս տարածաշրջանի հետ, սկսում են կապվել մեզ հետ, այցելելու ցանկություն հայտնել: Կա հետաքրքրություն անգամ նախորդ տարիների մասնակիցների նկատմամբ՝ տեղեկանալով մեզանից նրանց մասին, այս ռեժիսորներին հրավիրում են այլ կինոշուկաներ:

Հաջողություններ են գրանցում նաև մեր նախագծերը. օրինակ Լուսինե Սարգսյանի «Վարորդ» նախագիծն ընտրվել էր մասնակցելու Բեռլինի կինոշուկայի տաղանդների աշխատարանին, Մերի Աղախանյանի «Իռենի աշխարհը» մասնակցում էր «Երբ արևելքը հանդիպում է արևելքին» կինոշուկային և մրցանակի արժանացավ, Սիլվա Խնկանոսյանի ֆիլմը ներկայացվեց Լայպցիգի և Ռոտերդամի փառատոններում: Ես վստահ եմ, որ հաջորդ տարիներին նմանատիպ լավ նորություններ շատ ավելի հաճախ ենք լսելու»,- նշեց Սոնա Կարապողոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am