Հասարակական

Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ-ին COVID-19-ի դեմ պայքարի համար

2 րոպեի ընթերցում

Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ-ին COVID-19-ի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ կուղարկվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»,- գրել է պատգամավորը:

Մելքումյանը նշել է, որ օգնությունը խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։

ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է կորոնավիրուսով վարակվածների թվով: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի 2 մլն 683 հազար 301 հաստատված դեպք կա: Երկրում կորոնավիրուսից մահացել է 128 հազար 819 մարդ, ապաքինվել՝ 1 մլն 122 հազար 591-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում