Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավոր և ՀԿ ղեկավար․ ում հետ ինչ կարգավիճակով է հանդիպել «ԼՂ ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավարը

Պատգամավոր և ՀԿ ղեկավար․ ում հետ ինչ կարգավիճակով է հանդիպել «ԼՂ 
ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին օրերին Ադրբեջանի արտգործնախարարության կողմից կոորդինացվող «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» անվամբ հասարակական կազմակերպությունը հայտնել է «համայնքի ղեկավար», Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գյանջալիևի մի շարք «օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման» մասին։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանձին հանդիպում անցկացվել է միայն Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ, ինչի հետ կապված մտահոգիչ հարցերը կքննարկենք ստորև։ Իսկ Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի և Վրաստանի դեսպանի հետ «հանդիպումները» իրականում կայացել են Ադրբեջանի խորհրդարանում, որոնց նաև ներկա է եղել Թ․ Գյանջալիևը, սակայն ոչ որպես ՀԿ-ի ղեկավար, այլ որպես պատգամավոր։

Այսպես, Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ «հանդիպման» մասին տվյալ ՀԿ-ն հայտնել էր հունիսի 8-ին՝ առանց մանրամասնելու հանդիպման բուն էությունը։ Նույն օրը, սակայն, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի խորհրդարանում կայացել է Ադրբեջան-Իսպանիա միջխորհրդարանական աշխատանքային խմբի հանդիպումը Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ։ Իգնասիո Սանչես Տաբոադայի հետ հանդիպմանը, ինչպես նշված է ադրբեջանական կայքում, որպես աշխատանքային խմբի անդամ ներկա է եղել նաև վերոնշյալ Թ․ Գյանջալիևը։ Այսինքն որևէ առանձին հանդիպման, առավել ևս՝ Թ․ Գյանջալիևի հետ որպես նշված ՀԿ-ի ղեկավարի հետ հանդիպման մասին խոսք չի կարող լինել։

Մյուս նմանատիպ խնդիրը վերաբերում է Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը։ Այս դեպքում ևս տվյալ ՀԿ-ի էջը չէր նշել, թե ինչ հանդիպման մասին է խոսքը։ Սակայն Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի խորհրդարանի հետ բարեկամության աշխատանքային խմբի ղեկավար Արզու Նագիևի հետ: Հանդիպմանը, այս դեպքում արդեն որպես բարեկամության խմբի անդամ, ի թիվս այլ պատգամավորների ներկա էր եղել նաև Թ․ Գյանջալիևը։ Վրաստանի դեսպանատան կայքում նույնպես որևէ խոսք չկա այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի» հետ հանդիպման մասին։

Այսինքն, այս դեպքերում տվյալ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները դիմել են մեդիամանիպուլյացիայի՝ տեղեկատվության կիսատ ներկայացման միջոցով փորձելով ստեղծել տպավորություն, թե վերոնշյալ հանդիպումներին Թ․ Գայնջալիևը մասնակցել է որպես «համայնքի ղեկավար»։

Ինչպես արդեն նշվել է, առանձին հանդիպում կայացել է միայն Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ։ Նմանատիպ հանդիպում եղել էր նաև 2019 թ․-ի մայիսի 1-ին։ 2020 թ․ հունիսի 12-ի հանդիպման մասին հայտնել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանատան կայքը։ Այս դեպքում բավականին խնդրահարույց է Իրանի դեսպանի կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշման արտահայտումը, ինչը նաև հակասում է 2020 թ․ մարտին Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ Իրանի արտգործնախարարության հնարավորինս հավասարակշռված հայտարարությանը։

Իրանի ԱԳՆ-ն չէր հիշատակել այսպես կոչված «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին, ինչը տեղ է գտել դեսպանի խոսքում։ Իրանի դեսպանի նմանատիպ քայլերը և միակողմանի հայտարարությունը, իհարկե, խնդրահարույց է։ Այս դեպքում հավանաբար կա անհրաժեշտություն նաև ՀՀ-ում Իրանի դեսպանից համապատասխան բացատրություններ ստանալու։

Այսպիսով կարող ենք նշել, որ դեսպանների հետ «հանդիպումներից» իրապես մտահոգիչ է Իրանի դեսպանի հետ քննարկումը և դեսպանի դիրքորոշումն առհասարակ։ Մյուս դեպքերում, ինչպես տեսանք, հանդիպումներն անցկացվել են Ադրբեջանի խորհրդարանում համապատասխան աշխատանքային, բարեկամության խմբերի հետ, որոնց որպես այդ խմբերի անդամ մասնակցել է նաև Թ․ Գյանջալիևը։

 

Տարոն Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am