Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մեզ համար ամեն քաղաքացու կյանքը բացառիկ է, ամեն օր մարդկային կորուստ ունենալը դժոխք է. Փաշինյան

Մեզ համար ամեն քաղաքացու կյանքը բացառիկ է, ամեն օր մարդկային կորուստ 
ունենալը դժոխք է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության համար ամեն քաղաքացու կյանքն անգին է, և ամեն օր մարդկային կորուստ ունենալը դժոխք է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին: 

Տոնոյանը նկատեց, որ Փաշինյանը հայտարարել էր, երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում անցնում է դժոխքի միջով, իսկ 2 օր առաջ հայտարարել է, որ ՀՀ-ն լավ ցուցանիշներ ունի անգամ ամենազարգացած երկրների ցուցանիշների համեմատ: Պատգամավորի տեղեկություններով, սակայն, ՀՀ-ում 10 անգամ ավելի շատ մարդ է վարակվում, քան եվրոպական 1 տասնյակ երկրներում միասին վերցրած՝ օրինակ Իտալիայում, Դանիայում, Չեխիայում և այլն: Նա նաև հիշեցրեց այն դեպքը, երբ ուշ բուժօգնություն ստանալու պատճառով եղել էր մահացության մեկ դեպք, ևս երկու դեպք արձանագրվել էր, քանի որ պացիենտները չէին եղել ռեանիմացիայում: «Արդյոք հետևողակա՞ն եք լինելու այս մահերի դեպքերը բացահայտելու, մեղավորներին պատժելու ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնելու հարցում»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Վարչապետը նկատեց՝ մեկ օրվա վարակվածների տվյալները ճիշտ համեմատություն չեն, որովհետև պատգամավորի նշած շատ երկրներ արդեն դժոխքի միջով անցել են, դժոխքի ամենաթեժ շրջանը հաղթահարել են՝ ունենալով բազմաթիվ մարդկային կորուստներ: «Եվ, երբ ասում եմ, որ դժոխքի միջով ենք անցնում, մեզ համար ամեն քաղաքացու կյանքը բացառիկ է, անգին է: Եվ, երբ ամեն օր մարդկային կորուստ ենք ունենում, դա իհարկե դժոխք է»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց՝ աշխարհի գերզարգացած երկրներում եղել են դեպքեր, երբ մարդուն հիվանդանոցից ներս չեն կարողացել տանել, տարել են հիվանդանոցի մոտակա զբոսայգի, որևէ ծառի տակ պառկեցրել են, և մարդն այդպես մահացել է: «Եվ դուք աշխարհի այդ երկրներում նման շեշտադրումներ չեք գտնի, թե արդյոք պատրաստվո՞ւմ են հետաքննություն անել և այդ մարդու մահվան համար մեղավորին պատժել: Ես ընդհակառակը կասեմ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր առողջապահական համակարգում, պետք է, որ տեղի չունենար, որովհետև ամեն օր և սովորական մահճակալային, և ռեանիմացիոն տեղերի ավելացում է կատարվում »,-նշեց Փաշինյանն ու հավելեց՝ իր նշած դեպքի մեղավորը ոչ միայն առողջապահական համակարգն է, այլ նաև հարազատները, որոնք դեպքի մասին շատ ուշացումով են հայտնել: 

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am