Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանի տեսլականը զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ․ ՄԱՍ 1

Դավիթ Տոնոյանի տեսլականը զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների 
վերաբերյալ․ ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը

«Հարգելի´ հայրենակիցներ
Շուրջ երկու տարի է անցել, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու առաջին շրջանում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հաստատումից հետո, հրապարակեցի իմ տեսլականը՝ ծրագրում զինված ուժերի նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Տեսլականում ներկայացված գաղափարները հետագայում տեղ գտան կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, ինչպես նաև՝ զինված ուժերի զարգացման հնգամյա ծրագրի շտկումներում: Այսպիսով, նախորդ տեսլականը հայեցակարգային կամրջի դեր կատարեց կառավարության տարեկան ծրագրի և պաշտպանության ոլորտի զարգացման հնգամյա միջոցառումների պլանավորման միջև:

Կարծում եմ՝ երկու տարին բավարար ժամանակ է տեսանելի արդյունքներ արձանագրելու, ձեռքբերումներն ամփոփելու, թերացումները վերլուծելու և պաշտպանության ոլորտի զարգացման առաջնահերթությունները նորովի խմբագրելու համար: Ճիշտ է, այն անընդհատ գործընթաց է, և պաշտպանության նախարարության համապատասխան կառույցները մշտապես զբաղված են արդյունքների ամփոփմամբ, քաղված դասերի ու նոր խնդիրների վերլուծությամբ և համապատասխան որոշումների նախապատրաստմամբ, իսկ կառավարությունն ու պաշտպանության նախարարության ղեկավարությունն անհրաժեշտ պարբերականությամբ կայացնում են այդ խնդիրների համար համակարգային լուծումներ ապահովող որոշումներ: Սակայն, ես այն խորին համոզմունքն ունեմ, որ իր ներքին յուրահատուկ կանոնակարգերով, քաղաքացիական հասարակությունից որոշակիորեն տարանջատման իրավական ընթացակարգերով և ուրույն ավանդույթներով հանդերձ, հայկական բանակը հայ հասարակության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընդհանրապես յուրաքանչյուր հայի ուշադրության, հետաքրքրության ու հոգածության կիզակետում է: Ուստի, հասկանալի պատճառներով պաշտպանության ոլորտի զարգացումների վերաբերյալ սահմանափակ իրազեկումը, առկա խնդիրների բարդ, տեխնիկական ու առավելապես խորհրդապահական որոշումները, բանակի առօրյա գործունեության, առավել ևս՝ հետագա զարգացման ոչ հրապարակային բնույթը մեր քաղաքացուն ամբողջական պատկերացում չեն տալիս զինված ուժերի այսօրվա վիճակի և առաջիկա անելիքների մասին: Ահա թե ինչու, կարևոր համարեցի հրապարակելու պաշտպանության նախարարության գործունեության ներկա և ապագա առաջնահերթությունների վերաբերյալ այս նոր տեսլականը:

Տեսլականի նպատակը կատարված աշխատանքների վերաբերյալ որոշակի ցուցանիշներով հաշվետու լինելը չէ, ոչ էլ կոնկրետ նպատակներ, խնդիրներ և կատարման ժամկետներ ունեցող ծրագիր ներկայացնելը: Այդ ամենն իրականացվում է կառավարության գործունեության շրջանակներում՝ տարբեր ձևաչափերով և պարբերականությամբ: Տեսլականը նպատակ ունի պաշտպանության համակարգի ներկայի և ապագայի վերաբերյալ իմ մոտեցումներն ու գնահատականները հասցնելու մեր հասարակությանը, կառավարության և պաշտպանության նախարարության իմ գործընկերներին, թիմակիցներին և զինված ուժերի ամբողջ անձնակազմին: Անցած երկամյա ժամանակահատվածում թե´ Հայաստանի Հանրապետության վարչապետը, թե´ կառավարության իմ գործընկերները և թե´ պաշտպանության նախարարության ու զինված ուժերի անձնակազմն աշխատել և, վստահ եմ, շարունակելու են աշխատել մեկ միասնական թիմով՝ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելով պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին: Առավել ուրախալի է, որ այդ խնդիրները մշտապես եղել են քաղաքացիական հասարակության քննադատական հայացքի ներքո:

Անշուշտ, մի կողմից` խառը համալրմամբ մեծաթիվ բանակ ունենալու, մյուս կողմից՝ այն մարտունակ, ժամանակակից սպառազինությամբ զինված, համակողմանիորեն ապահովված, մարտական բարձր վարպետությամբ և հաղթական ոգով պահելու և զարգացնելու հրամայականը պահանջում է ոչ միայն մեր հավաքական ներուժի համեմատ անհամաչափ մեծ մարդկային, ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և գիտակրթական ռեսուրսներ, այլև այդ ռեսուրսներն արդյունավետ պլանավորելու, կիրառելու, կառավարելու և հաշվետու լինելու՝ մեր հավաքական կարողությունների առավելագույն սահմանին հասնող գիտելիքներ, հմտություններ, կամք ու բարեվարքություն: Ահա թե ինչու մենք Կառավարության ծրագրում ամրագրել ենք պարտականության զգացողությունն առաքելության զգացողությամբ փոխարինելու մթնոլորտի կայացման հրամայականը և վերջին երկու տարիների ընթացքում որդեգրել ենք «Անել առավել, քան...» կարգախոսը:

Այս մոտեցումն արդեն իսկ մեզ հնարավորություն է ընձեռել կոտրելու տասնամյակներով ձևավորված և հայկական բանակում արմատավորված շատ կաղապարներ՝ զինծառայողների կենցաղային պայմանների և սննդի կազմակերպումից մինչև զինատեսակների ընտրություն, մարտական հերթապահության կազմակերպումից մինչև ռազմադիվանագիտական քայլեր, մարտավարական խնդիրներից մինչև ռազմավարական որոշումների կայացում: Կարող ենք արձանագրել, որ սկսվել է ռազմական մշակույթի փոփոխության և ժառանգություն ստացած ու իրենց դարաշրջանը վաղուց ապրած սովորությունների վերացման դժվարին, բայց անշրջելի գործընթաց։ Միևնույն ժամանակ, մեզ դեռևս չի հաջողվել արմատախիլ անել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միջանձնային հարաբերություններում առկա մերժելի բարքերը, որոշ ոլորտներում ոչ համակարգային, բայցևայնպես առկա կոռուպցիոն դրսևորումները, ամբողջովին արմատավորել առաքելության ընկալման և առաջնորդության իրականացման, հաշվետվողականության, պլանավորման և իրագործման պրոֆեսիոնալ մշակույթը և այլն: Երևույթներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի միտքը, քայլը, ջանքը և ներդրումը, անհաջողություններից չընկճվելու և համառորեն առաջ շարժվելու ունակությունը:

Պետք է փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: Ընդհակառակը, մեր տարածաշրջանում և նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, ավելին` համաշխարհային համավարակը ժամանակավորապես սահմանափակել է համագործակցային հնարավորությունները, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ: Ուստի, հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից և մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության և առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձևավորելու հիմնական գրավականը:

Անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել. մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի և Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձևեր և եղանակներ: Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների և վարժանքների ընթացքում հղկել և կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։ Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ, մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, մեր ինժեներական և ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում և օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները...

Բանակի խնդիրներին համապատասխան չեն փոխվում նաև պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման հիմնանպատակները, սակայն փոխվում են դրանց հասնելուն ուղղված խնդիրները, գերակայությունները և ռեսուրսների հատկացման առաջնահերթությունները, քանզի բանակի զարգացումը շարունակական, մշտապես ադապտացվող, ավելին` արտաքին մարտահրավերների հետ ինտերակտիվ և մրցակցային գործընթաց է՝ արտաքին մարտահրավերների վրա ներգործությամբ և դրանց ազդեցությունը կրելով։ Ըստ այդմ, հասնելով կոնկրետ նպատակի, մենք պետք է մեր առջև նոր «բարձունքների հասնելու» խնդիր դնենք, ավելին` թերանալով որևէ խնդրի կատարման գործընթացում, պետք է բազմապատկենք մեր ջանքերն ու գտնենք առավել արդյունավետ այլընտրանքային լուծումներ:

Անցած ժամանակահատվածում կառավարության ծրագրի հրամայականներից ևս մեկն իրականացավ. զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը «միս ու արյուն» ստացավ: Մեզ հաջողվել է պաշտպանության ամբողջ համակարգը, առավել ևս՝ բանակը զերծ պահել ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա ազդեցությունից՝ այդպիսով ամրապնդելով պաշտպանական կառույցի ապաքաղաքական, վերկուսակցական և համազգային կարգավիճակը: Սա բանակի, իշխանությունների, քաղաքական ուժերի ու ամբողջ հասարակության համատեղ ձեռքբերումն է, և մենք պետք է շարունակենք արմատավորել այդ մոտեցումը, մինչև այն չդառնա «տաբու» ոչ միայն այսօրվա, այլև ապագայի բոլոր իշխանությունների և քաղաքական ուժերի համար, քանի որ սա է ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ունենալու և ապաքաղաքական մասնագիտական փորձառությամբ, սոցիալական պատասխանատվությամբ և կորպորատիվ հավատարմությամբ ամրապնդված իրական պրոֆեսիոնալ զինվորականություն ունենալու միակ ճանապարհը։

Այս առումով առանձնահատուկ պետք է ընդգծեմ մեր պետությունում լիարժեք ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։ Շատերը ռազմաքաղաքացիական հարաբերություններ ասելով հասկանում են միայն զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս զարգացած պետությունների փորձը, ամուր ռազմաքաղաքացիական հարաբերությունները երաշխավորում են նաև զինված ուժերի արհեստավարժության և արդյունավետության աճը։ Պաշտպանության ոլորտում ռազմական և քաղաքացիական խորագիտակության միատեղումը և ճիշտ հավասարակշռումն ապահովում են արդիական նոր գաղափարների, լուծումների և մեխանիզմների ներդրումը ռազմական ոլորտում, և դրանք հիմնականում պահանջում են քաղաքացիական մարդուն հարիր քննական մտածելակերպ, կրթություն և բազմագիտակություն։ Նոր գաղափարները տեղայնացնում և հղկում են համակարգային մտածողությամբ և դոկտրինալ կարգապահությամբ օժտված մարդիկ, և նման մարդիկ շատ են զինվորականության շարքերում։ Այսինքն՝ բանակին վերաբերող բոլոր հարցերում մեր նպատակն է ապահովել զինվորականների և քաղաքացիական մասնագետների լիարժեք համագործակցությունը։

Պետք չէ նաև մոռանալ, որ քանի դեռ պարտադիր ժամկետային ծառայությունը օրենսդրական պահանջ է, զինված ուժերում իր երկրորդ կյանքի մկրտությունն է ստանում Հայաստանի երիտասարդությունը՝ առնվազն երկու տարի ապրելով ու գործելով դժվարին և պահանջկոտ միջավայրում, սեփական աչքերով դեմ հանդիման տեսնելով թշնամուն, հասկանալով՝ ինչ կլիներ, եթե իրենք կանգնած չլինեին սահմանին։ Բոլորս պետք է օգնենք մեր երիտասարդներին պահպանելու այն համոզմունքը, որ այդ երկու տարին իրենց համար կորած ժամանակահատված չէ, այլ նախապատրաստություն` հաղթահարելու հետագա կյանքի խոչընդոտները, որի համար մոտ ապագայում մենք զինծառայողների առօրյան հագեցնելու ենք կրթական և մարզական նոր միջոցառումներով՝ խրախուսելով ինչպես անհատական ինքնապատրաստությունը, այնպես էլ խմբային փոխօգնությունը՝ ժամանակ չթողնելով անիմաստ միջանձնային կոնֆլիկտների ու այլ դատարկաբանությունների համար։

Մեր ուշադրության կենտրոնում են նաև համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները, այն գործոնները, որոնք նորովի և արդիական պահանջներին համահունչ վերանայում են ռազմագիտության դասական մոտեցումները: Մենք տեսնում և ուսումնասիրում ենք, թե ինչպես է մշակվում և մեզանից աշխարհագրորեն ոչ շատ հեռու՝ կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմավարման ռազմաքաղաքացիական «խելացի» գործիքակազմ՝ նոր, տեխնոլոգիապես հագեցած, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակների, կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, ոչ պետական ռազմական կազմակերպությունների, ինչպես նաև՝ մինչև վերջերս որպես արդպիսիք ռազմական չընկալվող տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Մենք ավելի ու ավելի ենք հեռանում դասական պատերազմ վարելու մարտավարությունից և օպերատիվ արվեստից: Մասնավորապես՝ տեսնում ենք, որ.

- բարձրտեխնոլոգիական, հեռահար և գերճշգրիտ զինատեսակների կիրառման արդյունքում ռազմական գործողությունները դառնում են ոչ կոնտակտային, իսկ կենդանի ուժի կորուստը՝ կրիտիկական: Հասարակությունը խիստ ցավագին է արձագանքում մարդկային կորուստներին անգամ հաղթանակի դեպքում,

- բոլոր օղակներում որոշիչ է դառնում ճիշտ պահին արագ և առաջանցիկ որոշում կայացնելն ու գործողություն կատարելը, որի համար ստորաբաժանումներից պահանջվում է բավարար շարժունակություն և ճկուն հրամանատրում: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում մեծ և ստատիկ ստորաբաժանումները հեշտությամբ թիրախավորվում են, միևնույն ժամանակ, փոքր ստորաբաժանումները, ճիշտ պահին և իրական ժամանակում ունենալով լիարժեք օպերատիվ տեղեկատվություն, կարողանում են հաջողությամբ լուծել բարդ խնդիրներ,

- հակառակորդին «անմիջական գործողության միջոցով» խոցող և չեզոքացնող, այսպես կոչված՝ մարտական զորատեսակները, համակարգերը և զինատեսակները, տասնամյակներ տևած մրցակցության արդյունքում դարձել են բազմաֆունկցիոնալ, տարաշարժուն և խելացի: Զորատեսակների և միջոցների (հրթիռահրետանային, ՀՕՊ, ՌԷՊ, ինժեներական) մարտական խնդրի կատարման համար ոչ միայն մարդկային ուժը և կառավարման համակարգը, այլև զինատեսակները պետք է ունենան բավարար կենսունակություն՝ չխոցվելու, բազմաֆունկցիոնալություն՝ միաժամանակ տարբեր խնդիրներ կատարելու և շարժունակություն՝ անմիջական մարտական խնդիր կատարող ստորաբաժանման գործողություններն ապահովելու համար,

- ռազմական տեխնոլոգիաները դառնում են ավելի մատչելի, և հաղթանակի գրավականը ոչ միայն դրանց քանակով հակառակորդին գերազանցելն է, այլև առաջին հերթին դրանց ամբողջական, խելացի և նպատակային կիրառման ունակությունը: Պատերազմավարման գործում ռազմական «ուժին» համահավասար կարևորվում է ռազմական «միտքը»,

- ժամանակակից տեխնոլոգիաները գրեթե անխուսափելի կամ առնվազն խիստ հավանական են դարձնում ռազմական գործողությունների ժամանակ կապի ու տարբեր տեսակի մատակարարումների խափանումները, ճանապարհների ու զորաշարժերի վերահսկելիությունը, ընդ որում՝ և´ ժամանակի, և´ խոցելիության տեսանկյունից, տեսադիտարկման և հետախուզության այլ հնարավորությունները մարտական գործողությունների ընթացքում գրեթե բացառում են հանկարծակիության ու ծածուկության գործոնները: Այս պայմաններում մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների ինքնաբավությունը՝ ինքնուրույն ռազմական խնդիր լուծելու կարողությունը, որոշիչ է դառնում,

- ժամանակակից պատերազմները չեն սահմանափակվում ռազմական գործողությունների վարմամբ և չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով: Պատերազմավարման ոչ ռազմական գործիքներն այնքան բազմազան են, որ պատերազմի թատերաբեմը հավասարապես տեղափոխվել է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվատեխնոլոգիական, քարոզչական, հասարակական և բարոյահոգեբանական հարթություններ:

Ռազմարվեստի զարգացման գլոբալ միտումներին հետևելուց առավել բարդ է զինված ուժերի զարգացման ապահովումն այդ միտումներին համահունչ, համապատասխանեցումը պատերազմի վարման փոփոխվող պահանջներին: Որքան էլ դյուրին թվա փոփոխվելու և ժամանակակից պայմաններին ադապտացվելու խնդիրը, ռազմական ոլորտում շարունակական փոփոխությունների ապահովումը բավականին բարդ է, քանի որ պահանջում է ոչ միայն համապատասխան գիտակրթական ներուժ, այլև մեծ ռեսուրսներ, և ամենակարևորը՝ ներդրման խելացի ընթացակարգեր և ճկուն ու շրջահայաց զինվորական անձնակազմ: Այս առումով առկա է մեկ կարևոր հանգամանք, որը չենք կարող հաշվի չառնել. եթե որոշ բանակներում այն թույլատրելի է, նույնիսկ` խրախուսելի, ապա մենք իրավունք չունենք գնալու այնպիսի փորձարկումների ու նորամուծությունների, որոնք կպարունակեն մեր պաշտպանունակությունը և բանակի մարտունակությունը թեկուզ ժամանակավորապես խաթարող ռիսկեր: Մյուս կողմից, սակայն, ռազմական բնույթի սպառնալիքները չեզոքացնելու համար մենք առավել ևս իրավունք չունենք ապավինելու դրանց չհամապատասխանող, ավելին` տասնամյակների վաղեմություն ունեցող գիտելիքներին, փորձին, ռազմավարություններին, կառավարման ընթացակարգերին, կանոնադրություններին ու զինատեսակներին. դրանք ակնհայտորեն հնացած են և առաջիկայում կարող են առավել վտանգավոր դառնալ մեր պաշտպանունակության համար: Անվտանգության և պատերազմի վարման արագ փոփոխվող միջավայրում մենք պետք է ունենանք առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու, կանխելու, զսպելու և, ի վերջո, չեզոքացնելու այդ միջավայրին համահունչ և նույնիսկ առաջանցիկ զարգացող կարողություններ: Ուստի, մեզ համար կարևոր է ստանալ ոչ միայն արդիական ռազմական գիտելիքներ, որոնք ժամանակի ընթացքում հնանալու են, այլև ներդնել «մշտապես սովորելու» և փոփոխվող անվտանգության միջավայրին ադապտացվելու ճկուն ընթացակարգեր:

Այդ խնդրի լուծման համար խիստ անհրաժեշտ է բանակում նախաձեռնողական մշակույթի արմատավորումը: Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում՝ լինի անդադար հրադադարի ռեժիմի խախտումներին, մշտապես պաշտպանությանը նախապատրաստվելու, թե շարունակաբար այս կամ այն ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու դեպքում. դա պարտության ճանապարհ է: Մենք պետք է լինենք նախաձեռնող և այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել. համապատասխան տեխնիկական միջոցների և նոր մարտավարության ներդրմամբ փոխել ենք մարտական հերթապահության կազմակերպման և հրադադարի ռեժիմը պարտադրելու և վերահսկելու տրամաբանությունը՝ ուղղակի կանխարգելելով ռեժիմի խախտումների հիմնական մասը, մեր մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը, իսկ մեր ռազմադիվանագիտական լեզուն չհանդուրժող է մեզ ուղղված սպառնալիքների հանդեպ:

Այնուամենայնիվ, զինվորական մշակույթում նախաձեռնողականության արմատավորումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ չի կարող ինքնին խրախուսվել, ինչպես քաղաքացիական կյանքում: Դա պայմանավորված է բանակում գործող այնպիսի ընթացակարգերով, ինչպիսիք են հրամանատարական ուղղահայացը, միանձնյա ղեկավարման սկզբունքը, կարգապահության և հրամաններն անվերապահորեն կատարելու հստակ պահանջը, ի վերջո, այդ սկզբունքներով անձնակազմի ստացած կրթությունը և ծառայության փորձը: Ուստի, զինված ուժերում նախաձեռնողականությունը կարող է լավագույնս դրսևորվել ճկուն հրամանատրման և առաջնորդության սկզբունքների ամրապնդման, համապատասխանաբար՝ մարտական կանոնադրությունների դրույթների կատարման, որոշումների կայացման և զեկուցման մեխանիզմների հղկման, մարտական պատրաստության, բարոյահոգեբանական ապահովման և ռազմական կրթության պահանջների վերանայման, ինչպես նաև վերազինման, մարտավարության և օպերատիվ արվեստի վերանայման միջոցով: Իսկ այստեղ մենք դեռևս ունենք շատ անելիքներ:

Պաշտպանության համակարգի տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացին լավագույն կիրառականություն հաղորդելու նպատակով կարևոր եմ համարում դրանք կապող օղակների ամրապնդումը։ Մենք միշտ ունենք այն համոզմունքը, որ պաշտպանությունը համակարգ է, և մի օղակի թերացումը բացասաբար է անդրադառնում այլ օղակների վրա։ Միևնույն ժամանակ, մի օղակի զարգացումը բազմապատկող դրական ազդեցություն է ունենում մնացած բոլոր օղակների վրա։ Այս տրամաբանությամբ առաջիկայում մեր մոտեցումն է լինելու, հենվելով կայացած օղակների վրա՝ ազդակ հաղորդել մյուս օղակներին, իսկ ձախողված օղակները «ստերիլացնել» և  վերակառուցել զրոյից կամ ենթարկել արմատական փոփոխությունների։

Ինչ վերաբերում է գիտական ու տեխնիկական առաջընթացին, ապա ռազմական ոլորտին վերաբերող նոր տեխնոլոգիական մարտահրավերների մասին բարձրաձայնում են առաջին հերթին սպաները և նորարարության խնդիր սահմանում մեր գիտնականների ու արդյունաբերողների համար։ Մարտական պայմաններում ծագած պահանջների տեխնոլոգիական լուծումները մեծ ներուժ ունեն լինելու մրցունակ նաև համաշխարհային մակարդակում, և այս առումով ապագայում ակնկալում ենք յուրահատուկ հայրենական ռազմական արտադրանք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am