Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարվա բյուջեից 9,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 9,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 25,4 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 21,7 մլրդ դրամ: Փաստացի 12,5 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց նախարարը:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նորայր Շողիկյան