Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 19 ջութակահար

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 19 ջութակահար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի ժառանգությունն ամբողջ աշխարհում հանրահռչակելու նպատակով 16 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս անգամ մասնակցում է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից: Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի մրցույթն անցկացվում է առցանց:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի գեղարվեստական պլանավորման ղեկավար Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց, որ հունիսի 6-ին մրցույթն ազդարարող առցանց համերգին տաղանդավոր ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կկատարի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը:

«Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից՝ մրցույթի կազմկոմիտեն որոշեց այն առցանց ձևաչափով կազմակերպել՝ մաքսիմալ պահպանելով մրցույթի անցկացման բոլոր կանոնները: Հատուկ մրցույթի անցկացման համար ստեղծվել է հավելված, որի միջոցով մասնակիցները կարողանում են առաջին, երկրորդ և երրորդ  փուլերի համար ձայնագրել, տեսագրել իրենց կատարումները: Հավելվածը բացառում է մոնտաժի որևէ հնարավորություն: Հունիսի 8-9-10-ին տեղի կունենա առաջին փուլը, 12-13-ին՝ երկրորդ և 13-ին՝ երրորդ փուլը։ Եզրափակիչ փուլում բոլոր մասնակիցները կատարում են Խաչատրյանի Ջութակի կոնցերտը»,- նշեց Բալբաբյանն ու հավելեց, որ երրորդ փուլում մասնակիցները հանդես կգան նվագախմբի հետ:

Նվագախումբն իր կատարումը փոքր կազմերով ձայնագրել և տեսագրել է: Հայաստանի պետական սիմֆոնիկի և մենակատարի հեռահար միասին կատարումն օնլայն հարթակում առաջին անգամ է լինելու։ Եզրափակիչ փուլ անցած ջութակահարները հնարավորություն են ունենալու ծրագրավորման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստանալ նվագախմբի նվագակցությունը, ընտրել իրենց հարմար տարբերակն ու իրենց կատարումը հեռավար համադրել նվագախմբային նվագակցության հետ։ Այս ամենն արվում է արհեստական բանականության միջոցով։ Իսկ հունիսի 15-ին՝ մրցույթի փակմանը‚ տեղի կունենա պարգևատրման առցանց արարողությունը‚ և նվագախումբը ելույթ կունենա համերգի հաղթողի հետ:

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։

Բալբաբյանը շեշտեց, որ նորարարությունները շարունակական բնույթ են կրելու, բայց իրենց հիմնական նպատակն Արամ Խաչատրյանի երաժտությունը ճանաչելի դարձնելն ու տաղանդավոր երաժիշտներին բացահայտելն է: «Մեզ համար կարևոր է այն, որ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները հետագայում իրենց երկացանկում են ընդգրկում  Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններն ու կոնցերտները»-եզրափակեց նա:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: 

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»  մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Մրցույթի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am