Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Հայաստանում շուրջ 400 միլիոն դոլարի շինաշխատանքներ դադարեցված են. իրավական նախագիծը կլուծի խնդիրը

Հայաստանում շուրջ 400 միլիոն դոլարի շինաշխատանքներ դադարեցված են. 
իրավական նախագիծը կլուծի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծով շինարարության թույլտվությունների կասեցումները կհամարվեն վերացած, և կասեցված գործունեությունը կվերսկսվի։ 

Դա հնարավորություն կտա լուծելու երկրում կառուցապատման շուրջ 60 թույլտվությունների հարցը, որոնք այժմ կասեցված վիճակում են, որի արդյունքում շուրջ 400 միլիոն դոլարի շինարարական աշխատանքները դադարեցված են: Դատարանը յուրաքանչյուր դեպքով կկայացնի որոշում, թե որքանով է հիմնավոր շինարարության կասեցումը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարի խորհրդական, նախագծի համահեղինակ Նարեկ Շարաֆյանը նշեց, որ դեռևս 2019 թվականին նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք որպես հիմնական խոչընդոտ են ներկայացրել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի (վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները) կարգավորումը։ 

«Այդ օրենքի ուժով այն դեպքում, երբ  շինարարական թույլտվությունը վիճարկվում է դատական կարգով, դա հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցի ընդունան և շինթույլտվությունների գործողության ավտոմատ կասեցման, հետևաբար՝ մի շարք շինարարություններ այդ հիմքով կասեցված են։ Շարաֆյանը նշեց, որ  2020 թվականի մարտի 21-ին հանրային քննարկման դրվեց Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի փոփոխության նախագիծը, որտեղ սահմանված է, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը վիճարկվում է հասցեատեր չհանդիսացող երրորդ անձի կողմից։ «Եթե շինթույլտվությունների մասով օրինակ բերենք, հայցի ներկայացումը վիճարկող վարչական ակտը ավտոմատ չի կասեցվի։ Տվյալ դեպքում դատարանը յուրաքանչյուր դեպքով կկայացնի որոշում, թե ինչքանով է հիմնավորված կասեցումը»,- ընդգծեց Շարաֆյանը։ 

Միայն Երևան քաղաքում 2020 թվականի մարտի դրությամբ առկա է 125 հազար քմ կասեցված շինարարություն՝ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով, և նախագծի հեղինակի կարծիքով՝ փոփոխությամբ այդ խնդիրը կլուծվի։ «Եթե վարչական դատարանը հայցադիմումը ընդունում է վարույթ, դա ավտոմատ հանգեցնում է շինարարության փաստացի կասեցման»,- նշեց Շարաֆյանը։ 

Անդրադառնալով արդեն իսկ կասեցված շինարարություններին, Շարաֆյանն ասաց, որ նախագծով բոլոր շինարարությունների կասեցումը կվերացվի, և հայցվորը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան՝  փաստերով հիմնավորելու շինթույլտվության կասեցումը։ «Եթե դատարանը միջնորդությունը համարի հիմնավոր, այն կկասեցնի»,- նշեց Շարաֆյանը։ 

ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանն իր հերթին հայտնեց, որ կառուցապատման շուրջ 60 թույլտվություններ այժմ գտնվում են կասեցված վիճակում, որի արդյունքում շուրջ 400 միլիոն դոլարի շինարարական աշխատանքները դադարեցված են: 

«Գործող Վարչական դատավարության օրեսգրքի համաձայն` վարչական ակտի վիճարկման վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հանգեցնում է վարչական ակտի կատարման կասեցման` բացառությամբ այդ հոդվածով թվարկված դեպքերի: Ընդ որում, այդ բացառությունների մեջ չի մտնում շինարարական թույլտվությունների վիճարկումը, ինչը թույլ է տալիս վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձանց կողմից դրանք վիճարկելու պարագայում շինարարական աշխատանքների կասեցում: ԱԺ կողմից այս օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի դատական կամ վարչական կարգով վիճարկման դեպքում, շինարարության կատարումը չի կասեցվի»,-ասաց Պետրոսյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում դատարանների վարույթներում կասեցված վիճակում են գտնվում բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում՝ շինարարական թույլտվություններ՝ Պետրոսյանը նշեց, որ նախատեսվում է կարգավորումները տարածել նաև դատարանների վարույթում գտնվող գործերի նկատմամբ։ 

«Արդյունքում, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված վարչական ակտերի՝ այդ թվում՝ շինարարության թույլտվությունների կասեցումները կհամարվեն վերացած, և կասեցված գործունեությունը կվերսկսվի»,- եզրափակեց Պետրոսյանը։ 

Մայիսի 27-ին Կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  հարյուրավոր դեպքեր կան, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ-որ մի անձ վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Վարչապետի խոսքով՝ այժմ դատարանը հնարավորություն կունենա շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով անձը միջնորդություն կներկայացնի, ու եթե դա հիմնավոր է, տեղի կունենա կասեցման որոշում։


Կարեն Խաչատրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ