Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոխնախարարը ԱԺ-ին հորդորեց դեմ քվեարկել իրենց ներկայացրած նախագծին. դրանում կարվեն փոփոխություններ

Փոխնախարարը ԱԺ-ին հորդորեց դեմ քվեարկել իրենց ներկայացրած նախագծին. 
դրանում կարվեն փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը խորհրդարանին հորդորեց երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարմանն անցնելու նախագծին. նախագծում պետք է կատարվեն ժամկետների փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ նախագիծը վերաբերում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը: Մասնավորապես, նախատեսվում է որպես կենսաթոշակի վճարման հիմնական եղանակ սահմանել անկանխիկ եղանակը՝ բանկային հաշվի միջոցով վճարման եղանակը՝ բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար: Բացառությունների շրջանակում անձինք կարող են իրենց կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Օրինակ, եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է, կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Կառավարությունն առաջին ընթերցմամբ քննարկմանն առաջարկվում էր առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար այն պետք է տարածվեր մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործեր նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն: 

«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակում քննարկումների արդյունքում որոշվել է համակարգի մեկնարկի ամսաթիվը տեղաշարժել 2 ամսով և սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 1-ը: Այս տարբերակը արժանացել է նաև ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սակայն հանձնաժողովի նիստից հետո շարունակվող քննարկումների արդյունքում նաև որոշում կայացվեց ամբողջ գործընթացը հետաձգել 6 ամսով: Ըստ այդմ, մենք պետք է խնդրենք խորհրդարանին դեմ քվեարկել այս տարբերակին, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագիծն ուղարկել առաջարկությունների ներկայացման ռեժիմ, որպեսզի կարողանանք մեկ անգամ ևս քննարկել ժամկետների խնդիրը և լրամշակված տարբերակը ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը»,-ասաց փոխնախարարը:

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ ապրիլի 16-ի նիստում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am